Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության պայմանագիր չկա․ Փաշինյան

Հայաստանում քննվում է, թե ինչ խոչընդոտներ է ունեցել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը Ներքին Հանդում տեղի ունեցած էսկալացիայի ժամանակ։ Խորհրդարանում պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին՝ փետրվարի 28-ին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գրիգորյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ մանդատով են եղել ռուս սահմանապահներ Ներքին Հանդում և ինչպե՞ս կարող էին խոչընդոտել ՀՀ տարածքում ԵՄ դիտորդներին։

«Քննվում է՝ ինչ խոչընդոտ է եղել, կա՞ նման խոչընդոտ, թե՞ չկա։ Որոշակի եզրակացություններ կարվեն»,- հայտարարեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ կոնկրետ դեպքում ռուս սահմանապահների մանդատ ու ներկայության պայմանագիր գոյություն չունի։

«Եթե սա նշանակում է, որ ռուս սահմանապահները այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն իրականացնում, ենթադրվում է, որ դրանից պետք է արվեն եզրակացություններ»,- ասաց Հայաստանի վարչապետը։

***

Փետրվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցել էր 4 զոհ և 1 վիրավոր։

Մեկնաբանել