Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր

14:12

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի կրակի հետևանքով զոհված 4 զինծառայողների անունները․

Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),

Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),

Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),

Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։

***

12:30

Պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ Ներքին Հանդի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում:

Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ:

***

12:20

Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, «Ազատության»-ը փոխանցել է Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ»,- ասել է Քոչարյանը։

***

10:20

Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունը հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին․ «Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների և վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ հանրությանը պատշաճ կիրազեկի»։

***

7:45

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ:

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Նախօրեին ՀՀ ռազմական ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ արձագանքելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված լուրերին։

«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը սահմանի Կապան-Զանգելան հատվածում փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,- ասված էր հաղորդագրությունում։

Մեկնաբանել