Հայաստանի շուրջ զարգացումները վտանգավոր են դառնում․ ինչ անել և ինչ չանել 

Հայաստանի շուրջ զարգացումները չափազանց վտանգավոր են դառնում։ Նախագահի պաշտոնում Իլհամ Ալիևի վերընտրությունից հետո Ադրբեջանը նոր հարձակման առիթ է նախապատրաստում։ Բաքուն այս ձեռագիրն ունեցել է թե՛ 2020-ի պատերազմի մեկնարկին, թե՛ 2023-ին Արցախի դեմ հարձակման ժամանակ և թե՛ այդ ընթացքում այլ հարձակումների դեպքում։

Ադրբեջանը փորձելու է Հայաստանից նոր տարածքներ ու բարձունքներ պոկել և վերջիվերջո ստանալ միջանցք։ Հարձակման համար նա կարող է կանաչ լույս ստանալ Մոսկվայից (եթե արդեն չի ստացել)։

Անշուշտ, գլոբալ և տարածաշրջանային զարգացումները շարունակում են ծավալվել ոչ ի նպաստ Հայաստանի։ Խնդիրը բարդանում է Հայաստանի կառավարության և ընդհանրապես քաղաքական վերնախավի ոչ կոմպետենտությամբ։ Ճակատագրական սխալը, որ ներկայում Հայաստանի իշխանությունը գործում է, տարածաշրջանային տերությունների հնարավոր հակազդեցության արհամարհումն է և չափից ավելի մեծ վստահությունը արևմտյան գործընկերների նկատմամբ։

Անշուշտ, Միացյալ Նահանգներն այսօր թերևս միակ ուժն է, որ մինչ այս պահը որոշակիորեն զսպել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։ (Թեև թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ԵՄ-ն բարձր մակարդակով զգուշացնում էին Ադրբեջանին 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ հարձակումից առաջ)։ Սակայն Միացյալ Նահանգների համար Հարավային Կովկասը առաջնահերթություն չէ։ Ավելին, ԱՄՆ-ում նախընտրական փուլը և Դոնալդ Թրամփի հնարավոր վերընտրությունը Վաշինգտոնին շեղելու են անդրօվկիանոսյան գործերից։ ԱՄՆ-ի ներկայիս անմիջական ներգրավվածության շարունակությունն անգամ, որ 2001-ի Քի Վեսթի բանակցություններից հետո ամենաակտիվն է, չի ապահովագրում մեզ Ադրբեջանի հարձակումից։

Եվրամիությունը, չնայած նախորդ մեկուկես տարում ակտիվ միջնորդությանը և Հայաստանի հետ քաղաքական գործակցության խորացմանը, դիտորդների տեղակայմանը, Ադրբեջանի դեմն առնել չի կարող։ Չի էլ պատրաստվում։ Դա իրական քաղաքականություն է, և մենք՝ որպես պետություն, ոչ ոքի չենք կարող մեղադրել։

Հայաստանը, իհարկե, պետք է շարունակի աշխատել թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ-ի հետ նրանց առավելագույն աջակցությունը ստանալու և Բաքվին զսպելու համար։

Անշուշտ, Հայաստանը գլոբալ գործընթացների վրա ազդելու կարողություն չունի։ Բայց ունի իր սեփական դերը գիտակցելու, այդ դերը կատարելու և երկրի տարածքից ևս մեկ կտոր չկորցնելու կարևորագույն առաքելությունը։

Հայաստանի կառավարությունը, նախևառաջ, չպետք է հաջորդ ձախողման քավության նոխազ նշանակի և դրանով իսկ խուսափի պատասխանատվությունից։ Մի բան, որ եղել է նախորդ չորս տարիներին։

Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը պետք է դառնա անվտանգությունը, բանակի ուժեղացումը։ Որքան էլ ներկայիս կառավարությունը հակված է խաղաղության և դրա համար պատրաստ է անգամ երկրի պետականության հիմքերը վերանայել, խաղաղություն ասելով խաղաղություն չի գալու, քանի դեռ Ադրբեջանը զգում է, որ Հայաստանին ուժով կարող է նոր զիջումներ պարտադրել։

Բոլոր տեսակի մեծ ծրագրերը պետք է դիտարկվեն անվտանգության տեսանկյունից։ Եթե կարիք կա հետաձգել ինչ-որ ծրագիր, պետք չէ խորշել դա անելուց (օրինակ՝ տարօրինակ «ակադեմիական քաղաքի» ծրագիրը)։

Անհրաժեշտ է աշխարհաքաղաքական ծայրահեղ զգուշություն։ Հետմիաբևեռ աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում ռեգիոնալ տերությունները անկախ են իրենց որոշումներում, քան երբևէ։

Երևանը պետք է ձև գտնի վերականգնելու շփումները և նվազագույն վստահությունը Մոսկվայի հետ, որքան էլ դա դժվար է ներկա իրավիճակում։ Պուտինին անգամ տեսականորեն ձերբակալելու հարցը չպետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգ։ Առավել ևս, որ դու դա երբեք չես կարող անել՝ բացի երկրի գլխին նոր փորձանքներ բերելուց։ Թեև հայերը Ռուսաստանից նեղանալու և հեռանալու բազմաթիվ պատճառներ ունեն, բայց ՀՀ-ն պետք է զերծ մնա հակառուսական նոր դեմարշներից։ Հույզերը քաղաքականության մեջ տեղ չունեն։ Հաշվարկներ և միայն հաշվարկներ են պետք։

Իրանը տարածաշրջանային միակ տերությունն է, որը դեմ է Հայաստանի տարածքով միջանցքին։ Թեհրանը ցանկանում է ռազմական ներկայություն հաստատել Սյունիքում, ինչը չափազանց խնդրհարույց է։ Ավելին, Թեհրանը, ըստ հավաստի լուրերի, ներկայում խոչընդոտում է իր տարածքով հնդկական զենքի մատակարարումները Հայաստան։ Իրանի հետ պետք է շատ ակտիվ դիվանագիտություն այդ և շատ այլ հարցերով։

Հարկավոր է շարունակել սպառազինությունների ներկրման բազմազանեցումը, սակայն զենքի ներկրումը չի կարելի շահարկել ներքաղաքական նպատակներով (ինչպես 2020-ից առաջ Սու-30-ների դեպքում էր)։

Անվտանգային նոր գործընկերների որոնումը ևս պետք է լինի առանց շոուների։ Ֆրանսիայի հետ պաշտպանական հարաբերությունների զարգացումը, զենքի ներկրումները կարևոր են։ Սակայն չի կարելի ուռճացնել դրանց նշանակությունը Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը վերականգնելու տեսանկյունից, ինչը տարիների համառ ջանք ու ներդրումներ է պահանջում։

Երևանը պետք է հարաբերությունները խորացնի աշխարհի երկրորդ գերտերության՝ Չինաստանի հետ։ Այդ երկիրը կարող է շատ կարևոր դեր ունենալ Հայաստանի անվտանգությունը տեխնիկապես բարձրացնելու գործում։ Հայաստանը պետք է խուսափի Չինաստանի համար զգայուն հարցերում անզգույշ քայլերից, ինչը վերջին տարիներին եղել է։ Օրինակ՝ ՀՀ անդամակցությունը Կրոնական ազատության միջազգային դաշինքին, որը պարբերաբար հանդես է գալիս հակաչինական հայտարարություններով; Թայվանի նախարարի ոչ պաշտոնական այցը Հայաստան; ոչ պատշաճ (բնապահպանության նախարարի) մակարդակով մասնակցությունը չինական «Գոտի և ճանապարհ» 2-րդ և 3-րդ գագաթնաժողովներին և այլն: (Տե՛ս՝ Լույս հիմնադրամի՝ «Չինական «Գոտի և ճանապարհ» նախագիծն ու Հայաստանը․ կորսված հնարավորությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական ընտրություն» զեկույցը

Հայաստանի ղեկավարությունը, կարծես, իր քաղաքակրթական վեկտորն ընտրել է դեպի լիբերալ-ինտերնացիոնալիզմի աշխարհակարգ։ Ազատական արժեքները, ժողովրդավարությունը, սակայն, պետք է նախևառաջ լինեն ներքին օրակարգի հարց, որքան էլ մեր տարածաշրջանում դա դժվար է։ Պետք է ամեն կերպ զերծ մնալ աշխարհաքաղաքական կարճ միացման կիզակետ դառնալուց։

Ներքին քաղաքական ասպարեզում Հայաստանի ղեկավարությունը պետք է ձևավորի ազգային համաձայնության կառավարություն և/կամ գնա արտահերթ ընտրությունների։ Ներկայիս իշխանությունը 2021-ին ստացած մանդատով և անվերջ ձախողումներով չի կարող առաջնորդել երկիրը։

Քաղաքական վերնախավերը, ընդդիմություն(ներ)ը ևս պետք է դուրս գան պոպուլիզմի դաշտից և ինքնազտվեն։ Իշխանություն – ընդդիմություն դիալեկտիկան պետք է փոխվի, երկրի ճակատագրի հանդեպ ոչ անտարբեր մարդիկ պետք է քաղաքական հայտ ներկայացնեն և կոնսոլիդացնեն ու առաջնորդեն հանրային զայրույթը։

Հայաստանի պետականությունը գոյութենական վտանգի առաջ է։ Կարելի է երկար գրել ներկայիս կառավարության սխալների մասին, որոնք երկիրը հասցրել են այս հանգրվանին։ Սակայն հիմա դա անօգուտ զբաղմունք է։

Հայ հանրությունը ներկայում պետք է ընդունի խորը ճգնաժամի գոյությունը և անի առավելագույնը դա հաղթահարելու համար։ Հետո ուշ կլինի, ինչպես ուշ եղավ Արցախի դեպքում։

Մեկնաբանել