Աբովյանից մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Երևան

Մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Աբովյանից դեպի Երևան։ Ժամը 16։00-ին նախատեսվում է հանրահավաք Հանրապետության հրապարակում։

Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը հայտարարություններ են տարածել՝ շարժման անդամներին հորդորելով պահպանել օրինականությունը, զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից։

***

Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Մայիսի 6-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում արդեն տեղադրվել է 40 սահմանային սյուն։

Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն ուղեկցվում է բողոքի ակցիաներով։ Բողոքող տավուշցիները հայտարարում են, որ իրենց համար անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվում: Իշխանությունը, մինչդեռ, պնդում է՝ սահմանազատմամբ անվտանգային ռիսկերը նվազում են:

Տավուշում օրեր տևած ցույցերից հետո մայիսի 4-ին ցուցարարների խումբը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Կիրանցից քայլերթով շարժվել է Երևան։ Ցուցարարները նախատեսում են մայրաքաղաք հասնել մայիսի 9-ին։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց, որ իր ժողովրդով գնա ուղղակի Երևան ու պատասխաններ պահանջի և պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր պետք է դադարեցվի»,- երթի մեկնարկին ասել է Տավուշի թեմի առաջնորդը։

Մեկնաբանել