ԱԱԾ-ն և ոստիկանությունը «Տավուշը հանուն հայրենիքի» անդամներին հորդորում են պահպանել օրինականությունը

Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը հայտարարություններ են տարածել՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին հորդորելով պահպանել օրինականությունը, զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից։

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է մայիսի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու ԱԱԾ առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։

Ոստիկանությունից էլ նշում են, որ շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը:

«Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: ՀՀ-ն իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել