Ռետրո՝ առանց Շուշի, Արցախ և ՊԲ․ Նիկոլ Փաշինյանի մայիսի 9-ի ուղերձները՝ 2018-2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մայիսի 9-ի առթիվ հղած ուղերձում այս տարի չի հիշատակել Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի կազմավորման մասին։ Փաշինյանը անդրադառնում է միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին, դրանում հայ ժողովրդի ներդրմանը և այդ ամենը կապում է ներկայիս խաղաղության գործընթացի հետ։

«Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, որ պետք է ավելի ու ավելի ամրապնդի իր տեղն ու դերը միջազգային հարաբերություններում` որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, որը լեգիտիմության հենքի վրա իր ներդրումն է բերում միջազգային կայունությանն ու խաղաղությանը: Նաև այս պատճառով է կառավարությունը որդեգրել խաղաղության օրակարգը՝ այն հենելով ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա»,- ասված է ուղերձում։

2023-ին մայիսի 9-ին Փաշինյանը Երևանում չէր․ Մոսկվայում մասնակցում էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված շքերթին։

«Վերջին տարիներին մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով: Սա առաջին հերթին կապված է 44-օրյա պատերազմի ծանր հետևանքների հետ, պատերազմի ընթացքում Շուշիի կորստով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող ագրեսիվ քաղաքականությամբ: Միջազգային փոթորկալից իրադրությունն ավելի է սրում այդ իրավիճակը, որովհետև մեր տարածաշրջանի անվտանգային համակարգերը դեֆորմացված են: Այս իրավիճակում Հայրենիքի համար իրենց կյանքը տված նահատակների առաջ մեր ամենամեծ պարտավորությունը մեր պետականության ուժեղացումն ու զորացումն է, և այս ծրագրի մաս պիտի լինի մեր տարածաշրջանում մեր հարաբերությունների կարգավորումը»,- ասված էր Փաշինյանի 2023-ի ուղերձում։

Այս տարի Փաշինյանը այցելել է միայն «Հաղթանակ» զբոսայգի, ի տարբերություն 2022-ի, երբ նա այցելել էր նաև Եռաբլուր զինվորական պանթեոն։

2021-ին Փաշինյանը այցելել էր մի զորամաս և «Մայիսի 9-ի եռատոնի կապակցությամբ մի շարք զինծառայողների հանձնել պետական տարբեր պարգևներ»։ «Բայց այսօր եռատոնը մենք նշում ենք դառնությամբ, խառը զգացումներով, կսկիծով, ինչ-որ տեղ պարտության դառնությունը մեր սրտում պահած, բայց վկա է Աստված, որ մենք այս ընթացքում բացարձակապես ոչինչ, որևէ բան չենք խնայել Շուշիի ազատագրման հերոսների ու նահատակների գործն ու փառքը պաշտպանելու համար: Եվ մենք այսօր նույնկերպ պիտի ամուր կանգնենք մեր նախնիների և սերունդների երազանքներն ու հայրենիքը պաշտպանելու գործում, որովհետև Հայաստանի Հանրապետությունն այսօր կա և կանգուն է, Արցախի Հանրապետությունը թեկուզ վիրավոր, բայց կանգուն է, հայ ժողովուրդը թեկուզ վիրավոր, բայց կանգուն է»,- 2021-ին ասել էր Նիկոլ Փաշինյանը։

2020-ի մայիսի 9-ին՝ մինչև 44-օրյա պատերազմը, Նիկոլ Փաշինյանը Արցախում է մասնակցել եռատոնին նվիրված միջոցառումներին։ Այդ օրը վարչապետը Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել էր Պաշտպանության բանակի մի քանի զորամասեր և սահմանապահ դիրքեր:

«Արդեն երրորդ տարին մենք միասին այս փառահեղ տոնը նշում ենք Ստեփանակերտում, և կարծում եմ` սա շատ լավ ավանդույթ է և իր մեջ ունի նաև բովանդակություն: Մեր միասնական ու ազգային խնդիրն այն է, որ ամեն մայիսի 9-ը Արցախում, Հայաստանում և ընդհանրապես հայության շրջանում լինի առավել տոնական, ապագային մեր հայացքը լինի առավել լավատեսական, այսօրվա մեջ լինենք առավել վստահ: Ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի, որովհետև մեր ժողովուրդն ունի հսկայական ներուժ, այդ ներուժի մի չնչին մասն է իրականում իրացված և օգտագործված, և մայիսի 9-ը, Շուշին մեզ առավել մեծ վստահություն են տալիս մեր ուժերի, մեր ապագայի, մեր այսօրվա նկատմամբ: Մենք բոլորս հավաքական և միասնական պարտք ունենք մեր նահատկների առաջ: Պետք է պատվով կատարենք այդ պարտքը և այդ պարտքը տասնապատկված վերադարձնենք նրանց սերունդներին»,- 2020-ի մայիսի 9-ին Ստեփանակերտում Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը հայտարարում էր Փաշինյանը։

2019-ին և 2018-ին ևս վարչապետը եռատոնը նշել է Արցախում։ Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը առաջինը այցելել էր Արցախ։ 2018-ի մայիսի 9-ին Բակո Սահակյանի հետ հանդիպմանը նա խոսել էր «օր առաջ Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչման» մասին։

«Կարծում ենք, որ պետք է ջանքեր գործադրենք, այդ թվում՝ սփյուռքի ներուժն օգտագործելու ուղղությամբ, որպեսզի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը ոչ միայն շարունակվի, այլ նաև նոր թափ ստանա: Որևէ կասկած չկա, որ Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերն Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի շահերը պաշտպանելու համար, այդ թվում՝ միջազգային ասպարեզում, բայց կարծում եմ, որ Արցախի Հանրապետության և ժողովրդի շահերը միջազգային ասպարեզում լավագույնս կպաշտպանեն հենց Արցախի իշխանությունները: Ուստի մեր ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որ Արցախի Հանրապետությունը և իշխանությունն օր առաջ միջազգայնորեն ճանաչվի»,- նշել էր Փաշինյանը:

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանել