«Վրացական երազանքը» անցանկալի անձանց տվյալների բազա կստեղծի

Բարիկադ՝ խորհրդարանի դարպասների մոտ, 1-ը մայիսի, 2024։ Լուսանկարը՝ Ռոբին Ֆաբրոյի/OC Media։

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ կստեղծի այն մարդկանց տվյալների բազա, որոնք օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի դեմ բողոքի ցույցերի ժամանակ ներգրավված են եղել «բռնությունը, սպառնալիքը և շանտաժը» հրապարակայնորեն խրախուսող գործողություններում։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին չորեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է ստեղծել տվյալների այդ բազան։

Պապուաշվիլին սակայն հետո չի պարզաբանել այդ ցուցակում մարդկանց ընդգրկելու չափանիշները կամ այն տեղեկության տեսակը, որը կզետեղվի բազայում: Նա նաև չի նշել, թե արդյոք այդ տվյալների բազան կվերացվի օտարերկրյա գործակալների օրենքի դեմ բողոքի ցույցերի ավարտից հետո:

«Այս ամենը կտեղադրվի հատուկ կայքում, և Վրաստանի քաղաքացիների համար կլինի հրապարակային և թափանցիկ,- ասել է Պապուաշվիլին։- Այս մարդկանց նկատմամբ Սահմանադրության և օրենքի շրջանակում կձեռնարկվեն բոլոր միջոցները, որպեսզի օրենքի խախտումները, սպառնալիքներն ու բռնությունները չմնան առանց պետության կամ հասարակության արձագանքի»։

Պապուաշվիլիի հայտարարությունն արժանացել է ընդդիմադիր գործիչների քննադատությանը։

Խորհրդարանական «Եվրոլավատեսներ» խմբի նախագահ Ռոման Գոցիրիձեն ասել է, որ տվյալների բազան «միայն մեկ նպատակի է ծառայելու՝ սկսել բռնաճնշումներ, որպեսզի «Վրացական երազանքը» կարողանա պահպանել իշխանությունը։

«Նման «անցանկալիների տվյալների բազա» գոյություն ուներ Խորհրդային Միությունում, ինչին հետևում էին բռնաճնշումներն ու [արտաքսումները]։ Տվյալների այսպիսի բազա գոյություն ուներ ֆաշիստական Գերմանիայում, երբ այլակարծները հալածվում էին»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է նա։

«Այս հայտարարությունն անօրինական է, հակասահմանադրական, և ինչ-որ մարդկանց ռեեստր ստեղծելը խորհրդային ԿԳԲ-ին բնորոշ մեթոդ է, որն այսօր քաղաքակիրթ որևէ երկրում չի օգտագործում, միայն՝ երկու-երեք ավտորիտար պետություններում»։

Այն պահից ի վեր, երբ Վրաստանում մարդիկ փողոց դուրս եկան՝ բողոքելու օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի դեմ, վրացի պաշտոնյաները ցուցարարներին մշտապես մեղադրում են խորհրդարանի վրա հարձակումներ և ոստիկանների նկատմամբ ագրեսիվ գործողությունների մեջ։

Չորեքշաբթի Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը «մարդկանց որոշակի խմբերի» մեղադրել է բողոքի ցույցերի ընթացքում սադրանքներ կազմակերպելու փորձեր անելու մեջ՝ «նպատակ ունենալով ծրագրել ապակառուցողական և բռնի սցենարներ, որոնց ետևում օտարերկրյա երկրների ֆինանսավորմամբ՝ խորհրդարանական և արտախորհրդարանական կոնկրետ քաղաքական ուժերի առաջնորդներ, կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ են»։

Նրանք կրկնել են «Վրացական երազանքի» բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարությունները:

Մայիսի 3-ին Պապուաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի խորհրդարանը հարձակման է ենթարկվել «երիտասարդական խմբերի կողմից, որոնց կազմակերպել, ղեկավարել և խրախուսել են արմատական ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ և մի խումբ հասարակական կազմակերպություններ»:

Նա պնդել էր, որ ոստիկանությունը «զսպվածություն է ցուցաբերել» և սահմանափակվել է խորհրդարանի մուտքերը պաշտպանելով և ուժ կիրառել է միայն, որպեսզի պաշտպանի խորհրդարանի մուտքերը և կանխի ցուցարարների ներխուժումը շենք։

Ապրիլին և մայիսի սկզբին տեղի ունեցած գրեթե ամենօրյա բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը խորհրդարանի շուրջ հավաքված ցուցարարներին ցրելու համար պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել:

Ականատեսներն արձանագրել են նաև, թե ինչպես են հատուկջոկատայիններն ագրեսիվ նետվում դեպի ցուցարարները, հարձակվում նրանց վրա և ձերբակալում՝ հաճախ առանց նախազգուշացման:

Լրատվամիջոցները և ցուցարարները հաղորդել են, որ հատուկջոկատայինները նաև ռետինե փամփուշտներ են կիրառել ցուցարարներին ցրելու համար, ինչը ներքին գործերի նախարարությունը հերքել է:

Ներքին գործերի նախարարությունը, տեղական և միջազգային մակարդակով քննադատության արժանանալով ցուցարարներին բռնությամբ ցրելու համար, չորեքշաբթի հրապարակել է ութրոպեանոց տեսանյութ, որը ցուցադրում է ոստիկանության դաժանությունը Եվրոպայում և ԱՄՆ-ում:

Երեքշաբթի Վրաստանի Հատուկ քննչական ծառայությունը, որը պատասխանատու է ոստիկանության չարաշահումները հետաքննելու համար, հայտարարել է, որ «իրավապահների կողմից հանրահավաքի մասնակիցների նկատմամբ հնարավոր ապօրինի գործողությունների մասին» 80 ահազանգ է ստացել, այդ թվում՝ լրագրողներից։

Տվյալների բազա ստեղծելու վերաբերյալ Պապուաշվիլի հայտարարությունն արվում է այն բանից հետո, երբ տասնյակ ակտիվիստներ, հասարակական գործիչներ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ հայտնել են, որ Ուկրաինայից, Հարավային Աֆրիկայից, Մարոկկոյից, Նորվեգիայից և մի շարք այլ երկրներից զանգեր են ստացել, որոնց ժամանակ իրենց վրացերենով վիրավորել են և սպառնացել:

Ձայնագրություններում, որոնք, ենթադրաբար արվել են այդպիսի զանգերի ժամանակ, լսվում է, թե ինչպես են զանգահարողները հայհոյում և սպառնում մարդկանց և բացատրություններ պահանջում, թե ինչու են նրանք ընդդիմանում օտարերկրյա գործակալների օրենքին:

Վրաստանի օտարերկրյա գործակալների մասին օրենքը քաղաքացիական հասարակության կամ լրատվական որևէ կազմակերպության, որն իր ֆինանսավորման առնվազն 20 տոոկոսն ստացել է դրսից, որակում է որպես «օտարերկրյա տերության շահերն սպասարկող կազմակերպություն»: Նման կազմակերպությունները արդարադատության նախարարության կողմից ենթակա են «մշտադիտարկման» յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։ Իրավաբանները զգուշացրել են, որ մշտադիտարկման շրջանակում նրանց կարող են ստիպել արդարադատության նախարարությանը տրամադրել իրենց ներքին հաղորդակցութան մասին տեղեկություններն ու գաղտնի աղբյուրները: Կազմակերպությունները, որոնք չեն կատարի պահանջները, խոշոր տուգանքների կենթարկվեն:

Մեկնաբանել