Արցախցիներին ամսական 40+10 հազար դրամ աջակցությունը կշարունակվի․ Նիկոլ Փաշինյան

Արցախից բռնի տեղահանված անձանց համար 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը կշարունակվի։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց մարտի 12-ի մամուլի ասուլիսին։

«Այդպիսի հայտարարություն չի եղել, որ մենք չենք շարունակելու և մարդկանց մոտ որոշակի անորոշություն կա։ Ես ուզում եմ այդ անորոշությունը ցրել և ասել, որ այդ ծրագիրը շարունակվելու է։ Առնվազն մենք կերկարաձգենք մինչև տարվա վերջ։ Արդեն տարվա վերջ հետագայի մասին կմտածենք»,- ասաց Փաշինյանը։

Փետրվարի 24-ին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության հետ հարցարզույցում հայտնել էր, որ ապրիլից չափահաս անդամները չեն ստանա 40+10 կեցության աջակցության գումարները։

Ինչ վերաբերում է բնակարանային ծրագրին, վարչապետն ասաց, որ այն գտնվում է մշակման նախնական փուլում, և վերջնական որոշումներ կկայացնեն՝ լսելով տարբեր կարծիքներ։

«Մեր տրամաբանությունը հետևյալն է՝ եթե այս ծրագիրը անենք միայն ԼՂ տեղահանվածների համար, կարող է լարում ստեղծվել հանրության ներսում, որովհետև կան բազմաթիվ մարդիկ, որոնք նույն խնդիրը ունեն՝ Հայաստանի քաղաքացի լինելով։ Մենք ուզում ենք մի ծրագիր ձևավորենք, որը հասանելի կլինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»,- ասաց Փաշինյանը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նույն հարցազրույցում հայտնել էր, որ տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագիրը մեկ անձի հաշվով նախատեսում է շուրջ 3 մլն դրամ։

Փաշինյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք այս ծրագրից օգտվելու համար պետք է քաղաքացիություն ստանան, քանի որ առանց դրա կարող է լարում սկսվել․ «Որովհետև մարդիկ կարող են ասել, օրինակ, մեզ բնակարան չեք տալիս, մեր երեխաները ծառայում են բանակում, ինչո՞ւ պետական բյուջեից աջակցություն ստացող մեր հայրենակիցների զավակները չպետք է ծառայեն բանակում։ Եվ սա էլ կարող է լինել լարման պատճառ։ Ուզում ենք, որ սա էլ չլինի»։

Փաշինյանն ասաց, որ 3 մլն դրամը դիտարկել են ու դիտարկում են որպես բազային չափ, որի վրա կարող են ավելանալ գործակիցներ, օրինակ՝ կոնկրետ իրադրությունը, բազմազավակությունը, զոհված հարազատի և բնակության վայրի հանգամանքները։

Մենք հարցը լուծելու ենք մեր հնարավորության սահմաններում, բայց նաև հույս ունենք, որ միջազգային մեր գործընկերները և՛ ֆինանսական, և՛ տեխնիկական աջակցություն կցուցաբերեն։

Փետրվարի 28-ին Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները հայտարարություն էին տարածել այն մասին, որ Հայաստանի կառավարությունը մինչ այժմ իրականացված որևէ ծրագիր չի քննարկվել արցախյան որևէ կառույցի հետ։ Իսկ զանազան միջոցներով ներկայացված առաջարկներն անտեսվել են։

***

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից հատկացրեց միանվագ 100 հազարական դրամ: Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով նաև կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած ևս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին՝ առնվազն 6 ամսով: Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, Արցախից տեղահանվածներին պետական բյուջեից կհատկացվի 50 հազարական դրամ:

Մեկնաբանել