Փաշինյանը դառնացած է ՔՊ-ի անհայտ նվիրատվությունների փաստից, բայց հանցակազմ չի տեսնում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Սիվիլնեթի և գործընկեր OCCRP-ի հետաքննությանը, որ վերաբերում էր Քաղաքացիական պայմանագրի 2022-ի նվիրատվությունների թեմային։ Հրապարակման համաձայն՝ 2022-ին ՔՊ-ին միլիոնավոր դրամների փոխանցում կատարած տասնյակ անձինք պնդել էին, որ իրենք ոչ մի նվիրատվություն էլ չեն կատարել։ Որոշ նվիրատուների գույքի ու եկամուտների հայտարարագրի գումարներն էլ չէին բավականացնում նման հանգանակության։

Մարտի 12-ի ասուլիսի ժամանակ Փաշինյանն անդրադառնալով թեմային ասաց՝ այդ հրապարակումներն իրեն շատ անհանգստացրել են. «Մենք ինքներս էլ հետաքննություն անում ենք, իրավապահներն էլ արել են։ Կա՞ այդտեղ պրոբլեմ՝

այո, այդտեղ կա պրոբլեմ։ Այդ պրոբլեմն այնպիսի՞ն է, որ հատել է քրեական օրենգրքի գիծը՝ ակնհայտորեն ոչ, որովհետև նախաքննության մարմինները հետաքննել ու հանցակազմ չեն գտել։ Կա քաղաքական պրոբլեմ ու ես պարտավորված եմ զգում, որ այդ իրադրությունը կարգաբերենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ ՔՊ-ին 2023-ի Երևանի ավագանու ընտրություններից առաջ կատարած հանգանակությունների մասին հրապարակում էր կատարել «Ինֆոքոմ»-ը՝ պարզելով, որ ՔՊ-ին նվիրատվություն կատարած անձինք անտեղյակ են այդ նվիրատվություններից։ Դատախազությունն էլ ուսումնասիրելով այն հայտնել էր՝ հրապարակումը ստուգվել է, հանցակազմ չի եղել։

Նիկոլ Փաշինյանը պնդել է՝ «եթե իրենք չարամիտ բան փորձեին անել, այնպես կկազմակերպվեր, որ ոչ ոք չէր իմանա»։

«Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք սխալական։ Կուսակցության ղեկավար մարմինը չի էլ ենթադրել, որ կուսակցության կազմակերպչական հարցերում կարող են լինել այդպիսի թերություններ»,- հայտարարեց Փաշինյանը՝ հարց բարձրացնելով, որ շատ նվիրատուներ կարող էին ցանկանալ անանուն մնալ ու շատ դեպքերում չգիտեին էլ, որ իրենց անունը հրապարակվելու է։ Նա պատմեց՝ տարբեր նվիրատուներ իրենց են զանգում ու ասում՝ «այն ժամանակ ինչո՞ւ կուսակցությունն իրենց չի զգուշացրել, որ որպես նվիրատու իրենց անունը հրապարակվելու է»։

«Հայաստանում միայն կառավարող կուսակցությո՞ւնն է դրամահավաք անում, իսկ մյուս կուսակցությունների դրամահավաքից ի՞նչ կա, ե՞րբ են արել, նվիրատուների ցանկը գիտե՞նք, թե՞ ոչ։ Իրենց ինչի՞ն է պետք դրամահավաքը»,- հարցրեց Փաշինյանը։

Նա ներողություն խնդրեց հանրությունից ու նվիրատուներից, ասաց՝ ի հայտ եկած փաստերից շատ դառնացած է ու իր պարտքն է համարում հայտարարել, որ նման բան էլ չի կրկնվի.«Մենք պիտի մարդկանց ասեինք, որ ընկերոջ անունով նվիրատվություն անել չի կարելի, կամ դուք արեք կամ մի արեք։ Մարդ կա մտածել է՝ ինչի՞ս է պետք, զանգեմ մեր ընկեր Դերոյին ասեմ՝ արի քո անունով անենք, հազար տարվա ընկեր ենք, կամ Դերո ջան անձնագիրդ նկարի ուղարկի…պրոբլեմ կա, որ էլ չի կրկնվի»- ասաց Փաշինյանը՝ կեսկատակ ավելացնելով, որ եթե հնարավորություն ունենային նվիրատուների ցուցակ չհրապարակելու, չէին հրապարակի։

Փաշինյանի խոսքով՝ իրենք այս պրոբլեմի մասին չէին իմանա, եթե մամուլում աղմուկ չլիներ։ Ըստ նրա՝ կուսակցությունների մասին օրենքում եղած փոփոխություններն են լրատվամիջոցներին հնարավորություն տվել տեղեկանալ նվիրատուների մասին, որ լրագրողները զանգահարեն, ստուգեն նվիրատվությունների մասին տեղեկություններ։

Մեկնաբանել