ԿԸՀ-ն մերժել է Ր. Հովհաննիսյանի վստահված անձի դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում մերժել է հանրապետության նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Լուսինե Պետրոսյանի դիմումը, հաղորդում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Լուսինե Պետրոսյանը պահանջում էր չեղյալ համարելու թիվ 25 ԸԸՀ-ի N63-Ա որոշումը, որով մերժվել էր Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումները՝ 25/1, 25/16, 25/21, 25/32, 25/36, 25/38 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարելու մասին:

Արտահերթ նիստում ԿԸՀ-ն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է նաև 2013թ. մարտի 24-ին կայանալիք Արագածոտնի մարզի Վերին-Բազմաբերդ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների համար ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև և տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվելիք դրոշմակնիքի ձևը:

Մեկնաբանել