Բարևին ջոկերն է պակասում

Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային երկօրյա հանրահավաքներից հետո՝ երեկ, Ազատության հրապարակում կրկին հանրահավաք էր հրավիրել: Ճիշտ է, հրապարակը բազմամարդ էր, սակայն ոչ այնքան, որ կարելի լիներ համեմատել 2008թ. փետրվարյան հանրահավաքների հետ: Հետաքրքրական է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին ավելի մեծ էներգետիկա կար Հայաստանի երեք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում և Կապանում, քան մայրաքաղաք Երևանում:

Հայաստանի վերջին 25 տարիների պատմությունն ապացուցել է, որ փոփոխության լակմուսի թուղթը հենց Ազատության հրապարակն է, և հենց այստեղ հավաքված բազմության թվից են կախված հարթակում կանգնած լիդերների հետագա գործողություններն ու հաջողությունը:

Հանրահավաքի ավարտին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց Ազատության հրապարակում հաջորդ հանրահավաքի մասին՝ մարտի 2-ին, և խոստացավ, որ «շատ կարևոր բան է ասելու»:

Թե ինչ է ասելու, իհարկե, կլսենք մարտի 2-ին: Սակայն կարելի է որոշակիորեն ենթադրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ավելի շատ քաղաքական ուժերի աջակցություն է ակնկալում, ինչի շնորհիվ միայն հնարավոր կլինի Ազատության հրապարակում դատարկ քառակուսի մետրեր չթողնել: Հազիվ թե պարոն Հովհաննիսյանն ակնկալի, որ «Բարգավաճ Հայաստանն» աջակցություն կհայտնի իրեն:
Սակայն թերևս սպասում է Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությանը: Վերջինն էլ իր հերթին կոնկրետ գործողություններ է ակնկալում Րաֆֆի Հովհաննիսյանից:

Ստեղծվել է հակասական մի իրավիճակ. Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններից է կախված Տեր-Պետրոսյանի աջակցությունը, բայց նաև Տեր-Պետրոսյանի աջակցությունից են կախված Հովհաննիսյանի գործողությունները:

Ավելի պարզ՝ մի իրավիճակ է, երբ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց ջոկերը Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքում է: «Բարևի հեղափոխությանը» ջոկերն է պակասում:

Կարեն Հարությունյան

Մեկնաբանել