Դոլարիզացիան տեղի չի տալիս

Հունվարին բանկային համակարգում ավանդների ծավալի աճն ավելի մեծ է եղել, քան վարկերինը. ավանդների պորտֆելն ավելացել է Դ33 մլրդ-ով՝ կազմելով Դ1,245 տրլն, վարկային պորտֆելը՝ Դ17 մլրդ-ով՝ մինչև Դ1,622 տրլն։ Դոլարիզացիան աճել է թե՛ ավանդների, թե՛ վարկերի ծավալում։

Համաձայն Կենտրոնական բանկի «Շաբաթական ամփոփ տվյալներ» հաղորդագրությունների՝ այս տարվա հունվարին բանկերն ընդհանուր առմամբ տրամադրել են Դ92,7 մլրդ-ի դրամային և $132,2 մլն-ի դոլարային վարկեր։ Տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ Դ146 մլրդ, վարկային պորտֆելն ավելացել է Դ17 մլրդ-ով։ Հունվարին տնտեսավարողներն ու ֆիզիկական անձինք մարել են Դ129 մլրդ-ի վարկեր, ընդ որում՝ հիմնականում դրամային։

Հունվարին բանկերի վարկային պորտֆելն աճել է առավելապես արտարժութային վարկերի հաշվին. դրանց ծավալն ավելացել է շուրջ Դ14 մլրդ-ով։ Արդյունքում ամսվա վերջին դոլարիզացիայի մակարդակը հասել է 64,5%-ի՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով 0,2-տոկոսային կետով։

Նույն այս ընթացքում ավանդների ծավալն ավելացել է հիմնականում ոչ ռեզիդենտների ու արտարժույթով միջոցների հաշվին։ Ոչ ռեզիդենտների արտարժութային ավանդների ծավալի աճը կազմել է Դ31 մլրդ։ Արտարժույթի նկատմամբ վստահությունը մեկ ամսվա ընթացքում ավանդների դոլարիզացիան ավելացրել է 0,8-տոկոսային կետով՝ մինչև 70,5%։ Բացի այդ՝ հունվարին մեկ տարուց ավելի ժամկետով արտարժութային ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 8,51%, ինչը դեկտեմբերի համեմատ ավելի է մոտ 1-տոկոսային կետով։

Թեև ռեզիդենտների արտարժութային և դրամային ավանդների ծավալները գրեթե հավասարաչափ են ավելացել, փոխվել է դրամային ավանդների կառուցվածքը։ Հունվարին ռեզիդենտները Դ6 մլրդ-ի ցպահանջ ավանդները վերափոխել են ժամկետայինի։ Ավանդատուների նման որոշումն ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրանով, որ ժամկետային ավանդների տոկոսադրույքներն ավելի բարձր են։ Բացի այդ՝ օրենսդրությունը էական տարբերություն չի դնում ցպահանջ և ժամկետային ավանդների միջև, քանի որ քաղաքացու պահանջով բանկերը ցանկացած պահի պարտավոր են վերադարձնել գումարները։

Մեկնաբանել