Պետք է ազատվել հոգնած, լճացած, հղփացած կադրերից. Արթուր Բաղդասարյան

Ես ողջունում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սահմանադրական դատարան դիմելու փաստը. «Հ1»-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում նշեց ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Մեր նիստի ժամանակ արձանագրեցինք, որ նախագահական ընտրությունները կայացել են 58.67 տոկոսով ընտրվել է Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է մյուս գնահատականներին. Հայաստանում անհրաժեշտ է ձեռնամուխ լինել վճռական բարեփոխումների իրականացանը, քանի որ այդ 500 հազար քաղաքացիների դժգոհությունը կոնսոլիդացված դժգոհություն է, որը դրսևորվեց ընդդիմության մեջ առավել ընդգծված թեկնածուի օգտին քվեարկելով»,- ասաց նա:

«Անհրաժեշտ փոփոխությունների» թվում Բաղդասարյանը նկատի ունի հատկապես «կադրային փոփոխությունները»: «Պետք է ազատվել հոգնած, լճացած, հղփացած կադրերից, որ կան բոլոր ոլորտներում: Այո, մի մաս կա, որ քվեարկել է Սերժ Սարգսյանի դեմ, բայց մի մեծ մաս կա, որ քվեարկել է այն տեղական իշխանիկների դեմ, որ ելել են օրենքի շալակը: Եվ սա մեզ հուշում է, որ իսկապես Հայաստանում բարեփոխումները պետք է շատ մեծ վճռականությամբ կատարել. մարդիկ ուզում են փոփոխություններ տեսնել»,- ասաց նա:

Բաղդասարյանի դիտարկմամբ՝ մի դեպքում գործ ունենք սոցիալական դժգոհության հետ, սակայն մյուս կողմից՝ արդարադատության համակարգի նկատմամբ անվստահության: «Մարդն ունի աշխատանք ու վաստակ, բայց դժգոհ է ապօրինությունից»,- նշեց նա:

Ըստ նրա՝ զանգվածային ընտրախախտումների մասին խոսողները պետք է նկատեն, որ «բազմաթիվ համայնքներում Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացել է հաղթանակ տանել»: «Չի եղել հրաման, ցուցում, հրահանգ, որ այդ համայնքներում, որ մեզ հայտնի են, ու դրանք 3-ը չեն, 5-ը, չեն, 7-ը չեն, որ եթե իշխանությունը կոշտ վարչական գործիք կիրառեր, փորձեր այլանդակել ընտրությունները, ինչպես եղել է, և որը մենք շատ լավ տեսել ենք, այդ ժամանակ մենք նման բան [Րաֆֆի Հովհաննիսյանի 500 հազար ձայները] չէինք տեսնի: Գիտեք, որ կարելի էր շատ համայնքներում բռնի ուժով շատ ավելի բարձր արդյունքներ գրանցել»,- ասաց նա:

Ըստ նրա՝ միանշանակ է, որ եղել են ընտրախախտումներ, «այսօր 10 քրգործ կա հարուցված», սակայն եթե համեմատելու լինենք նախորդ ընտրություններին, «համեմատելու եզր չի լինի»: «Այս ընթացքում մեկը չեղավ, որ դահլիճ չտվեցին, իսկ իմ կյանքում այնքան է եղել, որ գնացել եմ, ինձ դահլիճ չեն տվել»:

Արթուր Բաղդասարյանը վստահ է, որ չի կարելի կոծկել ընտրությունները՝ «արջի ծառայություն մատուցելով»: «Առանձին տեղամասերում այլանդակություններ են եղել, և այդ առանձին դեպքերը պետք է պատժվեն, որպեսզի մարդկանց մոտ էլ տեսնվի հավատը, որ մարդը, իրոք, կատարել է լկտիություն, և այդ լկտիության համար պատժվում է»,- ասաց նա:

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ճիշտ կլինի, որ հետընտրական իրավիճակը բնականոն քաղաքական իրավիճակի պիտի հասնի՝ հրապարակ դուրս եկածների իշխանական ուժերի հետ քննարկման նստելու միջոցով:

Անդրադառնալով 2008թ-ի իր որոշմանը՝ նա նշեց, որ իր՝ իշխանության հետ համագործակցության գնալու քայլով «կանխեց հնարավոր շատ մեծ արյունահեղություն, երկիրն էլ չենթարկվեց արտաքին թշնամու հնարավոր հարձակմանը». «Մարտի 1-ին եղավ 10 զոհ, իսկ ո՞վ ասաց, որ չէր լինի հազարը, տաս հազարը, ո՞վ էր էդ ժամանակ պատասխան տալու: Ինձ այն ժամանակ ասում էին՝ ինչո՞ւ չմիացաք Լևոն Տեր-Պետրոսյանին, այսօր ասում են՝ պարոն Բաղդասարյան, այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչո՞ւ չմիացավ ձեզ»,- նշեց նա:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Մեկնաբանել