Carrefour-ն արդեն Հայաստանում է. Տիգրան Դավթյան

Ըստ էության Carrefour-ն արդեն Հայաստանում է. այս շաբաթ արդեն տեղի ունեցավ հերթական հանդիպումը, և մենք կշարունակենք այդ աշխատանքները տարբեր ձևաչափերով. նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը «Հ1»-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում: «Մեր հիմնական նպատակն է գտնել հնարավոր օպտիմալ ձևաչափը՝ Carrefour-ի ներկայացումը Հայաստանում ունենալու: Դա և մեր նպատակն է, և իրենց նպատակն է, քանի որ Carrefour-ը ունի մի քանի ձևաչափեր: Հիմա իրենք և քննարկումներ են ունենում, և մեզ հետ են խոսում՝ նաև Հայաստանում նրա տեղը որոշելու համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Carrefour ապրանքանշանի զարգացման իր հայեցակարգի համաձայն` Majid Al Futtaim խումբը շարունակում է վերլուծել հայկական շուկան: Երևանի Dalma Garden Mall առևտրի կենտրոնում փակցված են Carrefour խանութի բացումն ազդարարող պաստառները:

ՍիվիլՆեթի աղբյուրների տեղեկություններով՝ Dalma Garden Mall-ից բացի, Carrefour-ը նախատեսում է հիպերմարկետներ բացել Արշակունյաց պողոտայում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ, և Ավանում՝ Երևան-Սևան ճանապարհին:

Նշենք նաև, որ 2012թ. նոյեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ժամանակ Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հանդիպում էր ունեցել Majid Al Futtaim ընկերության ղեկավարների հետ: Հաղորդվել էր Հայաստանում շուրջ 150 մլն դոլարի ներդրումային նախագծի մասին:

Carrefour S.A. ընկերությունը մանրածախ առևտրի ոլորտի ֆրանսիական անդրազգային կորպորացիա է: Շուրջ 1400 հիպերմարկետներով՝ այն աշխարհի ամենախոշոր հիպերմարկետների ցանցերից մեկն է: Carrefour-ը եկամուտների ցուցանիշով երկրորդ, իսկ շահույթի ցուցանիշով երրորդ խոշորագույն ցանցն է աշխարհում (երկու ցուցանիշներով առաջին տեղում ամերիկյան Wal-Mart-ն է): Carrefour S.A.-ն ամբողջ աշխարհում ունի շուրջ 520 հազ. աշխատակից: Ընկերության տարեկան եկամուտը 2012թ. գերազանցել է 100 մլրդ դոլարը, իսկ զուտ շահույթը՝ 4,3 մլրդ դոլարը:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր», Հայկ Բադալյանի

Մեկնաբանել