Վարդան Սեդրակյանը ՀՀ նախագահի թեկնածու է, և կալանավորվել չէր կարող. փաստաբան

ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՍԴ-ն դեռ որոշում չի կայացրել ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի վերաբերյալ, և ուրեմն Վարդան Սեդրակյանը ՀՀ նախագահի թեկնածու է և կալանավորվել չէր կարող:

«Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մարտի 5-ի որոշմամբ Հանրապետության նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2 ամիս ժամկետով կալանքը:

Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 87 հոդվածի առաջին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում գրանցումից հետո: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները Հանրապետության նախագահի թեկնածուի վրա տարածվում են մինչև Հանրապետության նախագահ ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև Սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:

Նույն հոդվածի վեցերորդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահի թեկնածուն, ընտրված նախագահը մինչև Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելը կարող է ձերբակալվել կամ կալանավորվել, կամ նրա նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալությունը կալանքով փոխելու և կալանավորված թեկնածուի կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա:

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից դեռևս որոշում չի կայացվել Հանրապետության նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի վերաբերյալ, Վարդան Սեդրակյանը մինչ օրս հանդիսանում է Հանրապետության նախագահի թեկնածու և կալանավորվել չէր կարող»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել