Իշխանությունների` նվազագույն կամք ունենալու դեպքում նոր ընտրություններ կնշանակվեն. Ր . Հովհաննիսյան

Ստեղծված քաղաքական իրավիճակից դուրս գալու ամենակարճ ճանապարհը հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության հաղթանակի ճանաչումն է: Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Դիմելով իշխանություններին` Հովհաննիսյանն ասաց, որ եթե նրանք ինքնավստահություն ունեն և այս իրավիճակը հաղթահարելու նվազագույն կամք, ապա պետք է նշանակեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:

Միաժամանակ` Հովհաննիսյանը Սարգսյանին հրավիրեց Ազատության հրապարակ` «բարձրախոսներով բանավիճելու, եթե նա չի վախենում»: «Ունեցե´ք այդ սթափ գնահատականը` քարոզներից, կուսակցապաշտությունից դուրս գալ, սեփական իշխանությունը կորցնելու վախից դուրս գալ և ասել, որ այո´, պատրաստ եմ հանուն Հայաստանի և ժողովրդի երկրորդ փուլի գնալ»,- ասաց Հովհաննիսյանը` հույս հայտնելով, որ այս Սահմանադրական դատարանը ցույց կտա, որ գոյություն ունի օրենք, իրավունք և Սահմանադրություն:

«Ժառանգության» ղեկավարի խոսքով` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է առաջիններից մեկը լինի, որը կվերանայի Սերժ Սարգսյանին ուղղված իր շնորհավորական նամակը:

«Ես հավատում եմ ժողովրդավարական Ռուսաստանի և ժողովրդավարական Հայաստանի իրապես ռազմավարական հարաբերություններին և ես դա Ձեզ հետ միասին կապահովեմ: Բայց անհրաժեշտ է, որ Ռուսաստանը դուրս գա իր ուղղահայաց մանրակերտից և դեմ չգնա հայ ժողովրդին»,- հայտարարեց Հովհաննիսյանը` Մինսկի խմբի համանախագահներից ևս պահանջելով վերանայել իրենց «ինքնիշխան որոշումները, դուրս գալ աշխարհաքաղաքական մոդելներից, Ղարաբաղի կամ Ցեղասպանության հարցում նեղ զիջումների գնալու մտայնությունից և գործ ունենալ Հայաստանի ժողովրդի հետ»:

Մեկնաբանել