Սիրիահայերի թաղամասեր՝ Մասիսում, Աշտարակում և Վաղարշապատում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Հայաստանի բուհերում սովորող սիրիահայ ուսանողների խորհրդի անդամների հետ. տեղեկանում ենք ՀՀ Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքից:

Ծանոթանալով ուսանողների խնդիրներին` նախարար Հ. Հակոբյանը ողջունել է տարբեր բուհերի սիրիահայ ուսանողական խորհուրդների ստեղծումը:

Նախարարն առաջարկել է խորհրդի անդամներին բացահայտել սիրիահայ ուսանողների խնդիրները և ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարություն, որպեսզի առավել արդյունավետ կերպով հնարավոր լինի զբաղվել դրանց լուծմամբ:

Նախարար Հ. Հակոբյանը հայտնել է նաև, որ Մասիսի, Աշտարակի և Վաղարշապատի քաղաքապետերի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքներում սիրիահայերի համար թաղամասերի կառուցման վերաբերյալ: Այս պահին քննարկվում են ֆինանսական միջոցների ձեռքբերման խնդիրներ: Առկա են առաջին հովանավորները: Նոր բնակարանների կառուցման հարցում ծախսերի մի մասը հոգալու են հենց սիրիահայ շահառուները:

Գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության առաջիկա ծրագրերն ու միջոցառումները, կոչ արել բուհերում սիրիահայ ուսանողական խորհուրդներին առավել ակտիվ մասնակցել դրանց իրականացմանը:

Մեկնաբանել