Վատիկանյան ֆիգուրի նշանակությունը

Մարտի 13-ին Վատիկանում Կաթոլիկ եկեղեցու կարդինալների կոնկլավն ընտրեց Հռոմի նոր՝ 266-րդ Պապին: Հայաստանում նույնպես մեծ ուշադրությամբ էին հետևում այս իրադարձությանը, սակայն՝ մի տեսակ սպորտային հետաքրքրությամբ: Ո՞վ կլիներ նոր Պապը, ո՞ր երկրից և վերջապես ի՞նչ վերաբերմունք ունի նա Հայոց ցեղասպանության հարցում:

Հիմա արդեն պարզ է, որ նոր Հռոմի Պապ է ընտրվել առաջին անգամ լատինամերիկյան երկրի ներկայացուցիչ՝ 76-ամյա արգենտինացի կարդինալ Բերգոլիոն, որն ընդունել է Ֆրանցիսկոս անունը: Նա ծայրահեղ համեստ կենցաղ է վարում, երթևեկում է ավտոբուսով, ինքն է իր համար կերակուր պատրաստում: Նա առաջին ճիզվիտն է, որ դարձել է Հռոմի պապ և հայտնի է որպես միասեռ ամուսնությունների և աբորտների թույլտվության կատաղի հակառակորդ: Նրան է բաժին հասել Կաթոլիկ եկեղեցուն դժվար, նույնիսկ ճգնաժամային ժամանակահատվածում նոր ներուժ հաղորդելու առաքելությունը:

Հայկական ԶԼՄ-ներն արդեն տեղեկատվություն են տարածել այն մասին, որ նորընտիր Պապը տարիներ առաջ Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2006թ. Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսը հիշատակի արարողության ժամանակ Մեծ եղեռնը որակել էր «մարդկության ու հայ ժողովրդի դեմ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականցված ծանր հանցագործություն» և Անկարային հորդորել ճանաչել այն:

Կարծում եմ՝ այս թեման մեկ-երկու օրից դուրս կմղվի լրահոսից, և Վատիկանի մասին հայ հասարակությունը չի հիշի մինչև հաջորդ կոնկլավ: Կամ էլ դա կանի բացառապես ներքաղաքական համատեքստում՝ հաշվի առնելով Միքայել Մինասյանի հենց Վատիկանում դեսպան նշանակելու իրողությունը:

Սուրբ Աթոռը մեր արտաքին քաղաքական ու աշխարհաքաղաքական վերլուծություններում ու ռազմավարության մեջ անտեսվել է: Այն միշտ ընկալվել է որպես խորհրդանշական մի միավոր, դեռ միջնադարից ավանդույթի ուժով մնացած Աստվածապետություն, որը ժամանակակից աշխարհում անախրոնիզմ է թվում:

Իրականությունը սակայն բոլորովին այլ է: Վատիկանը ոչ միայն միլիարդից ավելի կաթոլիկների հոգևոր կենտրոնն է, այլ նաև Հին աշխարհի պահպանողական գաղափարախոսության ազդեցիկ հանգույցը: Նրա ազդեցությունը Ավանդական Եվրոպայի և Արևմտյան քաղաքակրթության աջակողմյան հատվածի վրա հսկայական է: Այն աստիճանի, որ Աշխարհի կառուցման և վերաձևման շատ կարևորագույն հարցեր քննարկվում և որոշվում են հենց վատիկանյան էլիտայի գործուն մասնակցությամբ:

Բացի հսկայական, լայն ճյուղավորված հավատարիմ սպասավորների ցանցից, Վատիկանի ազդեցության կարևորագույն գրավականն է նաև ֆինանսական հզորությունը: Հսկայական հարստությունը ոչ միայն մոտ երկուհազարամյա ժառանգության մնացորդն են, այլ նաև կապիտալ ներդրումներ համաշխարհային ամենահնչեղ և հանրահայտ ընկերությունների բաժնեմասեր:

Այնպես որ, նոր Պապի ընտրությունները շատ ավելի նշանակալի իրադարձություն են ժամանակակից աշխարհի ճակատագրի համար, քան կարելի է ենթադրել: Համաշխարհային շախմատային մեծ խաղատախտակի վրա ճիշտ կողմնորոշվելու համար առանց այս ֆիգուրի ճիշտ գնահատման և արժևորման հաջողություն չի կարող լինել:

Իմիջիայլոց, երեկ այդ նույն տախտակի հակառակ հատվածում ոչ պակաս կարևոր իրադարձություն էր: Կայացել են Չինաստանի նոր ղեկավարի ընտրությունները: Համաչինական ազգային ժողովի ներկայացուցիչների 12-րդ համագումարի ընթացքում գաղտնի քվեարկությանբ ՉԺՀ նախագահ և Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի ղեկավարի պաշտոնում Հու Ձինթաոյի փոխարեն ընտրվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ձինպինը։

Մեկնաբանել