Շինոլորտում պետական ծրագիր պետք է իրականացվի. Տ. Սարգսյան

2013թ. տնտեսական աճի ցուցանիշներն ապահովելու համար շինարարության ոլորոտում պետք է պետական ծրագիր իրականացվի: Այս մասին այսօր` մարտի 21-ին, կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հունվար-փետրվարի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին:

Վարչապետի խոսքով` շինոլորտում 2012թ. հաջողվել է կանխել անկումը և արձանագրվել է դրա 5% աճ, իսկ 2013թ. հունվար-փետրվարին ոլորտում արձանագրվել է մոտ 8% անկում:

Տ. Սարգսյանը նշեց, որ ԱՎԾ-ի հրապարակումից երևում է, թե տնտեսությունում արձանագրվում են բարձր երկնիշ աճի ցուցանիշներ, սակայն կառուցվածքին ծանոթանալու դեպքում ի հայտ են գալիս խնդիրներ, որոնք մտահոգիչ են:

Միաժամանակ` վարչապետը էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին հանձնարարեց քաղաքաշինության նախարարության հետ քննարկում կազմակերպել, թե շինոլորտում պետության կողմից ինչ ծրագիր է անհրաժեշտ իրականացնել` ոլորտում աճ ապահովելու համար:

Գործադիրի ղեկավարը հավելեց նաև, որ արդյունաբերության ոլորտում արձանագրվել է երինիշ աճ, ինչը հուսադրող է:

Մեկնաբանել