Կառավարությունն Արամի փողոցի բնակիչներին տարածքներ կտրամադրի այլ վայրում

Կառավարությունն իր այսօրվա` ապրիլի 4-ի նիստում, հաշվի առնելով վարչապետի 2012թ. մարտի 2-ի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունները, որոշում է ընդունել Երևանի Արամի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքի կորստի վերականգնման նպատակով, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Տուժածների իրական վնասների վերականգնման համար նախատեսվում է Արամի 72-76 հասցեներում գտնվող շենքն օտարել «Դե ընդ Էյջ գրուպ» ՍՊԸ-ին և ծրագրի շահառուներին տարածքներ տրամադրել Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 հասցեում գտնվող անավարտ շենքից, որը նույնպես պատկանում է վերը նշված ընկերությանը, ինչպես նաև Արամի 72-76 հասցեներում կառուցված շենքից։

Հանրային մեծ հնչեղություն ստացած այս հարցի կառավարական քննարկմանը, բացի զեկուցող, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից, մասնակցել են արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Ամփոփելով մտքերի փոխանակությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ շահառուների մեծամասնությունը համաձայն է այս որոշման հետ, սակայն կլինեն մարդիկ, որոնք համաձայն չեն լինի։ Եվ քանի որ նման անբարեխիղճ կառուցապատողներ դարձյալ կարող են լինել, վարչապետն առաջարկել է, որպեսզի իր ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովը շարունակի աշխատանքը` հնարավոր մյուս դեպքերին ևս լուծում տալու համար։ Բացի այդ, բացահայտված այս դեպքերը, երբ մեկը սկսում է բնակչությունից փող հավաքել ինչ-ինչ խոստումներ տալով, ոչնչով չեն տարբերվում բանկային գործառույթներից, վերջիններս, սակայն, հսկվում են։ Վարչապետն առաջարկել է համանման հսկողական մեխանիզմ կիրառել նաև այն մարդկանց նկատմամբ, որոնք հրապարակային օֆերտայով մարդկանցից փող են հավաքում։ Բացի այդ, քաղաքացիներին պետք է կոչ անել, որպեսզի խուսափեն նման գործարքներից և խաբեբաների ձեռքն ընկնելուց։

Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացում, որոնց վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության իրավաբանական ծառայության և «Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ գնորդի միջև կայացած բանակցության ընթացքում։ Նոր պայմանագրում փոխվել է ինչպես պարտավորության կատարման ժամկետը, այնպես էլ պարտավորության չկատարման դեպքում սահմանվել են տույժ-տուգանքներ։

Կառավարության որոշմամբ Երևան քաղաքում կառուցապատման ծրագրերի իրականացման համար 2004թ. և 2005թ. կնքված պայմանագրերի հիման վրա առանձին կառուցապատողների շենքերի կառուցման համար վերգետնյա վճարի գծով ՀՀ անունից ֆինանսների նախարարության կողմից արտաբյուջետային բանկային հաշվին հավաքվող գումարների հաշվին 2013թ. «Երևան» հիմնադրամին վճարվել է 13,5 մլն դրամ, որը հատկացվելու է իրացման ծրագրերից տուժած առանձին իրավատերերի 2013թ. ընթացքում սոցիալական օգնություն տրամադրելու համար։

Մեկնաբանել