Բրիտանացիները հասարակության դասակարգման նոր մոդել են առաջարկել

Բրիտանական BBC Lab-ի մասնագետները մասշտաբային հարցում են իրականացրել, որին մասնակցել է ավելի քան 161 հազ. բրիտանացի, և հարցման արդյունքներով հայտարարել, թե հասարակության՝ աշխատավորների, միջին ու բարձր խավի ավանդական բաժանումը վաղուց հնացել է, հաղորդում է BBC-ն։

Սոցիոլոգներն առաջարկել են նոր մոդել, որը սկսվում է էլիտայով և ավարտվում է precariat խավով։ Վերջինս նոր հասկացություն է. այն բնորոշում է ինչպես աղքատության շեմին գտնվող չորակավորված աշխատավորներին, այնպես էլ միջին խավի՝ ամուր դիրքերը կորցրած ներկայացուցիչներին։

Այս կամ այն խավին պատկանելը ավանդաբար սահմանվել է՝ ելնելով աշխատանքից, ունեցվածքից ու կրթությունից։ Հետազոտությունը վստահեցնում է, որ սա պարզեցված մոտեցում է, և առաջարկում է խավերը սահմանել ըստ երեք չափորոշչի՝ տնտեսական, սոցիալական և մշակութային։

Այս անգամ հաշվի են առնվել ոչ միայն եկամուտները, անշարժ գույքը և խնայողությունները, այլև սոցիալական կապիտալը՝ մարդկանց թիվն ու կարգավիճակը, որոնց ճանաչում է անհատը։ Հաշվի է առնվել նաև մշակութային կապիտալը, որը չափվել է ըստ մշակութային հետաքրքրությունների բնույթի, և մշակութային ակտիվությունը։

Այսպես՝ նոր խավերը՝
Էլիտա – ամենաարտոնյալ խումբը Մեծ Բրիտանիայում, որը մնացած վեց խավերից արմատապես տարբերվում է եկամուտների մակարդակով. այս խմբի ներկայացուցիչները նույն հարուստներն են։

Պատկառելի միջին խավ – երկրորդն է կարողությունների տեսանկյունից, բավական մեծաքանակ է և շատ շփվող, երկրորդն է մշակութային ակտիվության մակարդակով։

Տեխնիկական միջին խավ – IT մասնագետների և բարձր որակավորում ունեցող ինժեներների ոչ մեծ, համեմատաբար նոր խումբ։ Նրանք ունեն բարձր եկամուտներ, սակայն նվազ շփվող են, մշակույթով չեն հետաքրքրվում։

Նոր ունևոր աշխատավորներ – երիտասարդ խումբ, որի ներկայացուցիչներն ունեն ծանոթների, մշակութային հետաքրքրությունների մեծ շրջանակ և միջին աշխատավարձ։

Ավանդական աշխատավոր խավ – բնակչության ոչ հարուստ, սակայն ոտքերի վրա ամուր կանգնած հատվածը. այս խավի անդամները, որպես կանոն, լավ անշարժ գույք ունեն, ինչը բացատրվում է նրանով, որ այստեղ միջին տարիքը 66 տարեկանն է։
Սպասարկման ոլոտի աշխատողներ – նոր երիտասարդ քաղաքային խավ է. եկամուտներն այստեղ համեմատաբար բարձր չեն, փոխարենը առկա է բավական լավ սոցիալական և մշակութային պաշար։

Precariat կամ չունևոր պրոլետարիատ – ամենաաղքատներն ու ընչազուրկները, աղքատության շեմին գտնվող մարդիկ, որոնք չունեն կապեր և հեռանկար։

Մեկնաբանել