Կառավարությունը չի շեղվում զսպողական քաղաքականությունից

Պետական եկամուտների կոմիտեն ամեն գնով գերակատարում է հարկային մուտքերի ծրագրված ցուցանիշները, պետական գերատեսչությունները, մյուս կողմից, չեն շտապում ծախսել հատկացված միջոցները։ Այս տարվա հունվար-փետրվարին պետբյուջեի եկամուտները կազմել են Դ155,7 մլրդ, ծախսերը՝ Դ131,7 մլրդ՝ համապատասխանաբար 70%-ով և 58,6%-ով ապահովելով կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարողականը։ Արդյունքում. երկու ամիսների կտրվածքով պետբյուջեն կատարվել է շուրջ Դ24 մլրդ հավելուրդով՝ առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված Դ2,4 մլրդ պակասուրդի դիմաց։

Թե ինչու պետական գերատեսչությունները չեն ապահովում կառավարության կողմից նախանշված ցուցանիշների կատարողականը, հասկանալի չէ, եթե հաշվի առնենք, որ ֆինանսների նախարարությունը վստահեցնում է, որ ապահովել է պետբյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը։ Պարզ ասած՝ ֆիննախը փոխանցել է անհրաժեշտ միջոցները, իսկ պետական գերատեսչությունները դրանք չեն ծախսել։ Արդյունքում ստացվել է, որ երկու ամիսների կտրվածքով պետբյուջեն կատարվել է շուրջ Դ24 մլրդ հավելուրդով՝ առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված Դ2,4 մլրդ պակասուրդի դիմաց։

Առաջին հայացքից՝ բյուջեի հավելուրդով կատարումը ողջունելի է, սակայն պետք է հաշվի առնել՝ պետությունը մի կողմից հարկերի միջոցով տնտեսությունից քաշում է դրամական միջոցները, մյուս կողմից՝ դրանք ծախսերի տեսքով չի ուղղում տնտեսություն։ Նման զսպողական հարկաբյուջետային քաղաքականությունը դանդաղեցնում է տնտեսական աճը, տնտեսավարողների շրջանառությունը։

Որ տնտեսությունից հանվում են դրամական միջոցները, ընդ որում՝ կանխավճարների և գերավճարների տեսքով, պարզ երևում է հարկային մուտքերի կառուցվածքից։

Այսպես՝ կառավարությունը ծրագրել էր, որ այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջեի հարկային մուտքերը պետք է ավելանան Դ33,4 մլրդ-ով, այնինչ ՊԵԿ-ը երկու ամսում հավաքագրել է Դ34,5 մլրդ, ինչը նշանակում է, որ եռամսյակային ցուցանիշը կատարվել է երկու ամսում, և հավաքագրումները հավասարաչափ չեն բաշխվել։

Իհարկե, լրացուցիչ այդ միջոցներից Դ16,2 մլրդ-ը անցած տարվա հարկերն են։ Թեև հունվարից այլևս չեն գործում «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» և «Եկամտահարկի մասին» օրենքները, բայց այդ հարկատեսակների գծով այս տարվա երկու ամիսներին մուտքերը կազմել են Դ16,2 մլրդ, պարտադիր սոցվճարների գծով՝ Դ9,9 մլրդ, եկամտահարկի գծով՝ Դ6,3 մլրդ։ Այդ օրենքների դրույթներն այնպիսին էին, որ անցած տարվա դեկտեմբերի պարտադիր սոցվճարները և եկամտահարկը ենթակա էին վճարման մինչև այս տարվա հունվարի 20-ը։

Ամեն դեպքում, պետբյուջեի հարկային մուտքերի աճը պայմանավորված է առավելապես կանխավճարներով։ Այս տարվա երկու ամիսներին առևտրի ծավալներն աճել են 6,7%-ով, ներկրման ծավալները՝ 8,9%-ով, սակայն ՊԵԿ-ի կողմից հավաքագրված ԱԱՀ-ի ծավալների աճը կազմել է 49,5% (հավաքագրվել է Դ65,9 մլրդ), մաքսատուրքի գծով հավաքագրումներն ավելացել են միանգամից 2,2 անգամ (հավաքագրվել է Դ7,5 մլրդ)։

Ուշագրավ է ծավալների աճը հատկապես մաքսատուրքի գծով։ Այս տարի մաքսատուրքի դրույքաչափերի փոփոխություն տեղի չի ունեցել, անգամ ներկրման կառուցվածքի փոփոխությունը նման աճ չէր կարողանա ապահովել։ Հայաստանում գործում է մաքսատուրքի երկու դրույքաչափ՝ 0% և 10%, և հասկանալի է, որ գործնականում չէր կարող տեղի ունենալ կառուցվածքի այնպիսի փոփոխություն, որը կհանգեցներ մուտքերի 2,2 անգամ աճի։

Ինչ վերաբերում է մոտ 50%-ով ԱԱՀ-ի հավաքագրման աճին, ապա դրա զգալի մասը պայմանավորված է գերավճարներով։ Հայաստանում արտահանումն ազատված է ԱԱՀ-ից. այն տնտեսավարողին վերադարձվում է հաշվանցման ճանապարհով ապրանքների արտահանումից հետո։ Այս տարի Հայաստանի արտահանումն աճել է 30,4%-ով։

Ուշագրավ է, որ այս տարվա երկու ամիսներին շահութահարկի գծով հարկային մուտքերն ավելացել են ընդամենը 0,6%-ով, այն դեպքում, երբ անցած տարվա հունվար-փետրվարին աճը կազմել է 10,4%։ Եթե հաշվի առնենք, որ շահութահարկի վճարման ժամանակ գործում է կանխավճարի ինստիտուտը, ապա ստացվում է, որ կա՛մ անցած տարի տնտեսավարողների գործերը այնքան էլ լավ չեն եղել, կա՛մ էլ այժմ նրանք «մաշում են» անցած տարվա կանխավճարները։

«Շահութահարկի մասին» օրենքով սահմանված է, որ հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներ։ Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և շահութահարկի հաշվարկային մեծության 18,75%-ի չափով՝ յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ։ Ստացվում է, որ թեև տնտեսավարողները շահութահարկի գծով վճարումներ կարող էին կատարել մինչև մարտի 15-ը, նրանք վճարումներ են կատարել թե՛ հունվարին՝ Դ5,6 մլրդ-ի, թե՛ փետրվարին՝ Դ6,8 մլրդ-ի։

Պարզ է, որ ՊԵԿ-ը ինչպես անցած տարի, այս տարի ևս շարունակում է հարկային մուտքերի ծրագրային ցուցանիշներն ապահովել կանխավճարների, գերավճարների միջոցով՝ դրանով իսկ խնդիրներ ստեղծելով հաջորդող ամիսների հավաքագրումների համար, քանի որ տնտեսավարողները հավերժ չեն կարող աշխատել գերավճարներով։

Մեկնաբանել