Եվրոպակենտրոնության մայրամուտը

Կիպրոսում այրել են Եվրամիության դրոշը: Կիպրոսի հետ կապված խառնաշփոթը մի տեսակ իմ ուշադրությունը չի գրավել: Միգուցե այն պատճառով, որ չունեմ ծանոթներ, որոնք այդ երկրի բանկերում հարյուր հազար եվրոյից ավել գումար կունենան: Բայց ավելի հավանական է՝ պատճառն այն է, որ արդեն վաղուց դադարել եմ հավատալ «Միասնական Եվրոպա» կամ Եվրամիություն կոչվող նախագծի հաջողությանը:

Իհարկե, սկիզբը ցնցող էր: Զարգացման արագ տեմպեր, բարեկեցության անշեղ աճ, անդամ պետությունների կրկնակի և նույնիսկ ավելի աճ, հավակնություններ, համաշխարհային մրցակցության հայտ: Սակայն այս շքեզ ցուցափեղկերի հետևում խնդիրների մեծ բազմազանություն էր:

Նախ՝ ԵՄ-ն կոնֆեդերացիայից այդպես էլ չի կարողանում դառնալ ավելի ամուր, կենտրոնացված սուբյեկտ՝ ֆեդերացիա, ասենք՝ Եվրոպայի Միացյալ Նահանգներ: Սրա հետևանքով չի ձևավորվում համաձայնեցված քաղաքականություն՝ արտաքին, անվտանգային և ռազմական: Այս երկակիությունը՝ թե՛ ձևական և թե՛ բովանդակային, ԵՄ-ին անհասկանալի մի երևույթի է վերածում:

Այս անորոշությունը և կենտրոնական կարգավորման ուժեղ մեխանիզմների բացակայությունը կամ այն ստեղծելու վախը թույլ չեն տալիս լուծել նաև գոյություն ունեցող այլ խնդիրներ՝ տարբեր երկրների և շրջանների միջև տնտեսական սարսափելի անհամաչափությունը, լեզվական և մշակութային տարբերությունները:

Իրավիճակը նաև բարդանում է Եվրոպական քաղաքակրթություն հասկացության լղոզման հետևանքով, երբ եվրոպական անսահման հանդուրժողականությունը և պոլիտկոռեկտությունը կլանել են քրիստոնեության վրա խարսխված դարավոր եվրոպականության հիմքերը: Ավելին՝ ծերացող և ժողովրդագրական ճգնաժամի մեջ ապրող Եվրոպան աստիճանաբար փոխում է նաև իր արտաքին տեսքը, մաշկի գույնը և կրոնը՝ հետզհետե դառնալով ներգաղթյալների և անխուսափելիորեն ավելի ազդեցիկ դարձող աջակողմյան քաղաքական ուժերի կոշտ բախման թատերաբեմ:

Սասանվում է նույնիսկ այն ամենահիմնականը, ինչն այսչափ գրավիչ էր դարձրել Եվրամիությունը հարևանների համար՝ տնտեսական հզորությունը: Եվ Կիպրոսի բանկային ճգնաժամը դրա ընդամենը երևացող նշանն է:

Իհարկե, չեմ ուզում պնդել, որ Եվրամիություն նախագիծը միանշանակ և անվերապահորեն շարժվում է դեպի տապալում: Պարզապես նախկին պայծառ հեռանկարները այլևս չկան, և սրա հետ պետք է հաշվի նստել:

Աշխարհի նկատմամբ մեր պատկերացումները բյուրեղացել են 1990-ականների սկզբին մեր այսօրվա քաղաքական էլիտայի ձևավորման շրջանում: Եվ պատահական չէ հենց «զարգացած» կամ «առաջատար» Եվրոպայի այս տեսլականի տիրապետումը մեր քաղաքական դաշտում ու հանրային գիտակցության մեջ: Սակայն երևի ժամանակն է գիտակցել, որ ԵՄ-ին անդամակցելը որպես նպատակ արդեն շատ լուրջ քննարկման առարկա պետք է դառնա: Առնվազն մոտակա 20 տարին մեզ այնտեղ չեն սպասում, իսկ ինչի հետ ենք գործ ունենալու այդ ժամկետից անդին, եթե ԵՄ-ի այսօրվա խնդիրները շարունակեն խորանալ:

Իսկ աշխարհի կենտրոնը անխուսափելիորեն տեղափոխվում է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, Հարավարևելյան Ասիա և Հեռավոր արևելք:

Չինարեն կամ ճապոներեն սովորե՛ք, ֆրանսերենը կամ գերմաներենը շուտով ակումբային լեզուներ են դառնալու: