Քաշքշուկ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում

«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած «երդմնակալության արարողությունից» հետո քաղաքացիների հետ երթով քայլեց դեպի Հանրապետության հրապարակ, Մաշտոցի պողոտա, ապա` Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկ: Այստեղ սակայն ոստիկանական ուժերը պատ էին կազմել և խոչընդոտեցին քաղաքացիների առաջխաղացումը, որի հետևանքով ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուկ սկսվեց:

Հովհաննիսյանը փողոցում կայանած ավտոբուսներում գտնվող զինվորներին կոչ արեց գնալ` սահմանը պաշտպանելու:

«Սա մեր խաչմերուկն է, մեր հայրենիքը, մեր ոստիկանը և, ցավոք սրտի, մեր ոստիկանն անիրավ հրահանգ է կատարում»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ դա չի նշանակում, որ իրենք պետք է գնան ընդհարման: Նա դիմեց ոստիկաններին՝ խնդրելով պաշտպանել իրենց և «ոչ թե կեղծ հղում անելով Սահմանադրությանը` խանգարել իրենց»:

«Ժառանգության» ղեկավարի խոսքով՝ Բաղրամյան 26-ը պատկանում է բոլորին, և իրենք պարզապես ցանկանում են քայլել իրենց փողոցով: Այնուհետ նա բանակցեց Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանի հետ, որ հավաքվածները կարողանան շարժվել դեպի Սարյան փողոց և այնտեղից` Ազատության հրապարակ:

«Բաղրամյան 26-ը պատկանում է ժողովրդին, այս առաքելության մեջ թող կորչեն Սարգսյանն ու Հովհաննիսյանը, բայց թող մնան արդարությունն ու օրենքը»,- ասաց Հովհաննիսյանը` կոչ անելով ներկաներին հետևել իրեն և շարժվել դեպի Ազատության հրապարակ, որտեղ ժամը 18:00-ին հանրահավաք է նախատեսված:

Մեկնաբանել