Հայաստանն ու Հունգարիան փոխադարձաբար դեսպանություններ կբացեն

Հայաստանն ու Հունգարիան համաձայնության են եկել փոխադարձաբար միմյանց մայրաքաղաքներում դեսպանություններ բացելու շուրջ։ Այդ մասին մայիսի 6-ին Բուդապեշտում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։

«Ուրախ եմ, որ եկել ենք եզրակացության, որ պետք է փոխադարձաբար միմյանց մայրաքաղաքներում դեսպանություններ բացենք: Այս պահի դրությամբ ունեինք հյուպատոսություններ։ Անցյալ մեկուկես տարիների մեր լավ ու աշխատող տնտեսական կապերի շնորհիվ հավատացած ենք, որ վաղուց արդեն ժամանակն է, որ դեսպանություններ բացենք երկու երկրներում»,- ասել է Սիյարտոն։

Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ այս տարվա հուլիսիս տրվելու է երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթի մեկնարկը՝ Wizz Air–ի շնորհիվ:

***

Հայաստանը Հունգարիայի հետ հարաբերությունները կասեցրել էր 2012-ի թվականին՝ այն բանից հետո, երբ 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը արտահանձնվեց Ադրբեջան և անմիջապես ներում ստացավ Իլհամ Ալիևի կողմից:

Հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2022-ի դեկտեմբերի 1-ին Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպմանը։

Մեկնաբանել