Կուբիզմը կգեղեցկացնի «Մետրոպոլիտենը»

Estee Lauder կոսմետիկայի ընկերության պատվավոր նախագահ, ամերիկացի միլիարդատեր Լեոնարդ Լաուդերը Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանին փոխանցել է կուբիզմի ոճով արված աշխատանքների հավաքածու՝ մեկ մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ, հաղորդում է New York Times-ը:

Հավաքածուն, որը Լաուդերը հավաքել է ավելի քան չորս տասնամյակ, կազմված է 78 աշխատանքից, այդ թվում՝ Պաբլո Պիկասոյի, Ժորժ Բրակի, Խուան Գրիսի և Ֆեռնան Լեժեի ստեղծագործությունները: New York Times թերթի հաղորդմամբ՝ Լաուդերն իր հավաքածուն թանգարանին փոխանցել է բացարձակապես անհատույց:

«Լեոնարդի նվերը կգեղեցկացնի «Մետրոպոլիտենը», – ասել է թանգարանի գործադիր տնօրեն Թոմաս Քեմփբելը: – Մենք վաղուց ենք ունեցել մոդեռնիզմի պատմության կարևորագույն այդ բաղադրիչի կարիքը: Այժմ կուբիզմը ներկայացված կլինի մեծագույն գլուխգործոցներով», – ասել է Քեմփբելը:

«Իմ հավաքածուի համար ընտրել եմ «Մետրոպոլիտեն» թանգարանը, քանի որ այն աշխարհի խոշորագույն հանրագիտարանային թանգարաններից է», – ասել է Լաուդերը՝ հավելելով, որ շարունակելու է արվեստի գործեր ձեռք բերել և նվիրել թանգարանին:

Հավաքածուն հանրությանը կներկայացվի 2014թ.:

Կուբիզմը արվեստի ժամանակակից ուղղություն է, որին բնորոշ է հստակ երկրաչափական ձևերի օգտագործումը ֆիգուրների, դեմքերի և շրջապատող աշխարհի պատկերման ժամանակ: Կուբիզմը ձևավորվել է 20-րդ դարասկզբին, հիմնադիրներից է իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոն:

Մեկնաբանել