Տ. Սարգսյանը ծանոթացել է Օպերայի շենքի վերազինման աշխատանքներին

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, հաղորդում են կառավարության լրատվական ծառայությունից: Տիգրան Սարգսյանը շրջել է թատրոնում, ծանոթացել կատարված տեխնիկական վերազինման աշխատանքներին:

Տեխնիկական վերազինումն իրականացվել է ավստրիական Waagner-Biro Austria Stage Systems AG ընկերության կողմից` ՀՀ կառավարության աջակցությամբ:

Մասնավորապես, ամբողջովին արդիականացվել է թատրոնի բեմական մեխանիզմը, ներդրվել են ժամանակակից բարձրակարգ լուսային և ձայնային թվային կառավարման համակարգեր, ներկայացումների վիզուալիզացիայի ծրագիր, պրոֆեսիոնալ թվային ձայնագրման ստուդիայի սարքավորումներ: Ամբողջովին փոխվել են բեմի և նվագախմբի 1090 քմ տախտակամածը, դեկորացիոն շարժաձողերը: Տեղադրվել և մոնտաժվել են հիմնական բեմական հարթակի շարժիչները՝ կից փոխանցվող համակարգով:

Ներդրվել են նաև պրոֆեսոիանալ բարձրակարգ բարձրախոսեր, ռադիո համակարգ, հեռուսատեսային մոնիտորներ և այլ սարքավորումներ:

Լուսային և ձայնային ողջ տեխնիկան ներկրվել է Գերմանիայից և Ավստրիայից:

Նախատեսվում է, որ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր գործունեությունը կվերսկսի ապրիլի վերջերից: