Ֆրանսիայի հայերը կոչ են անում Օլանդին ընդունել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիա այցելած` Թուրքիայի փոխվարչապետ Բյուլեն Արընչըն անդրադարձել է Ֆրանսիայի սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժող օրինագծի գաղափարին: Ըստ թուրքական Yeni Safak թերթի` Ֆրանսիայի թուրքական կազմակերպությունների հետ հանդիպմանը Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, թե Թուրքիան ցեղասպանություն չի իրականացրել:

«Հնարավոր է, որ Անատոլիայի որոշ վայրերում ողբերգական իրադարձություննր են եղել, սակայն դրանից տուժել են ոչ միայն հայերը, այլև թուրքերը: Թուրքիայի համար 1915թ. վերաբերյալ օրինագիծն անընդունելի է»,- ասել է նա:

Ֆրանսիայի հայերն էլ, ի պատասխան, կոչ են անում Ֆրանսուա Օլանդին կատարել խոստումը և Սահմանադրությանը համապատասխան ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ըստ Nouvelles d’Armenie-ի` Ֆրանսիայի «Հայաստան» մշակութային միությունը շարունակում է «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունել ««ՀԻՄԱ» խորագրով ստորագրությունների քարոզարշավը:

Ավելի վաղ թուրքական Hurriyet պարբերականը գրել էր, որ Ֆրանսիայի նախագահն ու նրա մերձավոր շրջապատը միջանկյալ նոր տարբերակ են գտել: Ըստ այդմ` Օլանդը փորձում է նոր օրինագիծը համապատասխանեցնել ցեղասպանությունների ժխտումը պատժող` Եվրամիության Շրջանակային կոնվենցիային: Hurriyet-ը գրում է, թե նոր օրինագծում չի լինելու Հայոց ցեղասպանություն արտահայտությունը, սակայն վերջինիս ժխտումը Ֆրանսիայում քրեորեն պատժվելու է: