Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Լուսանկարը` Ֆոտոլուրի

ՀՀ ոստիկանապետի հրամանով Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ, Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Վլադիմիր Գասպարյանը նաև այլ փոխատեղումներ է կատարել: Մասնավորապես, ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնում Աշոտ Կարապետյանին փոխարինել է ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը` ազատվելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից, իսկ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը նշանակվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ: