Դոլարիզացիան Հայաստանում շարունակում է ավելանալ

Կենտրոնական բանկը դոլարիզացիայի մակարդակը չափում է հինգ տարբեր ուղղություններով, որոնցից երկուսում աճ է արձանագրվել թե՛ անցած տարվա վերջի դրությամբ, թե՛ փետրվարի կտրվածքով։ Մյուս երեք ուղղություններով միտումը հակառակն է։ Այդուհանդերձ, վերջին երկու տարիների կտրվածքով դոլարիզացիան Հայաստանում բոլոր հինգ ցուցանիշներով շարունակում է մնալ ամենաբարձրը։

Աճ է արձանագրել այն ուղղությունը (ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցություն), որը և հիմնականում դիտարկվում է տնտեսության դոլարիզացիայի մակարդակը ներկայացնելու համար։

Այսպես՝ Կենտրոնական բանկի փետրվարի տեղեկագրի համաձայն՝ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը փետրվարին կազմել է 46,8%, ինչն ամսական կտրվածքով ավելի է 0,7-տոկոսային կետով, 2012թ. դեկտեմբերի համեմատ՝ 1,8-տոկոսային կետով։

Ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրությունից երևում է, որ դոլարիզացիայի մակարդակի աճն ամբողջովին պայմանավորված է ռեզիդենտների արտարժութային ավանդների աճով։ Խնդիրն այն է, որ փետրվարին դեկտեմբերի համեմատ փողի զանգվածը գրեթե անփոփոխ է մնացել, իսկ ամսական կտրվածքով աճել է 2%-ով։ Մյուս կողմից՝ փետրվարին դեկտեմբերի համեմատ ռեզիդենտների արտարժութային ավանդներն աճել են 4%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 3,7%-ով։

Մյուս ուղղությունը, որն աճ է արձանագրել, ռեզիդենտների իրական հատվածին արտարժույթով տրամադրված և ընդհանուր վարկերի հարաբերակցությունն է։ Եթե անցած տարվա դեկտեմբերին այն կազմել է 64,2%, այս տարվա հունվարին՝ 64,4%, ապա փետրվարին հասել է 64,9%-ի։

Ցուցանիշի փոփոխությունը ցույց է տալիս, որ բանկերի կողմից տնտեսությանը տրամադրվող վարկերի հիմնական մասը դոլարային է։ Արտարժույթով լայնածավալ վարկավորմամբ բանկերը ոչ միայն արտարժութային ռիսկերն են փոխանցում վարկառուների ուսերին, այլև լուրջ ռիսկեր ստեղծում բանկային համակարգի և տնտեսության համար։

Չնայած մյուս երեք ուղղություններով (տե՛ս կից աղյուսակները) դոլարիզացիայի մակարդակի նահանջին, վերջին երկու տարիներին դոլարիզացիան բոլոր հինգ ցուցանիշներով շարունակում է մնալ ամենաբարձրը։

Դոլարիզացիայի բարձր մակարդակը նվազեցնում է դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը՝ թուլացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոխանցումը բանկային համակարգ։ Բացի այդ՝ ռեզիդենտներին արտարժույթով լայնածավալ վարկավորումը՝ լողացող փոխարժեքի ու հատկապես դրամի արժեզրկման պայմաններում, մի կողմից թանկացնում է վարկերի սպասարկումը, մյուս կողմից՝ ռիսկեր ստեղծում դրանց վերադարձելիության հետ կապված։