«Լուվր Աբու Դաբին» կխթանի Էմիրությունների զբոսաշրջությունը

Աշխարհի ամենաայցելվող թանգարան «Լուվրի»՝ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող մասնաճյուղն ապրիլի 16-ին լրագրողների դատին է ներկայացրել իր ապագա ցուցադրության մի մասը: Ցուցանմուշներից շատերը լայն հանրությունը կտեսնի արդեն մեկ շաբաթ անց:

Էմիրությունների մայրաքաղաքի արվարձանում գտնվող Աս Սաադիյաթ կղզում տեղակայված «Լուվր Աբու Դաբին» իր դռները կբացի միայն 2015թ.: Պաշտոնական բացման նախաշեմին ԱՄԷ-ի իշխանությունները որոշել են հանրությանը ցուցադրել արդեն ձեռք բերված արվեստի գործերը, որոնք ի ցույց կդրվեն ապրիլի 22-ից հուլիսի 20-ը Աս Սայադիյաթ կղզու «Ալ Մանարա» համալիրում:

Աբու Դաբիի թանգարանը տարբերվում է փարիզյան «Լուվրից», որտեղ պատմական դարաշրջանին, իրադարձություններին և արվեստի գործիչներին նվիրված են առանձին սրահներ: Աբու Դաբիի մասնաճյուղում յուրաքանչյուր սրահում մեկտեղված են ցուցանմուշներ, որոնք վերաբերում են տարբեր քաղաքակրթություններին և դարաշրջաններին, սակայն ունեն նույն թեմատիկան:

Այսպես՝ նույն սրահում կարելի է տեսնել Ղուրանի, Աստվածաշնչի և Թորայի հնագույն հրատարակությունները, մյուսում՝ մարդու քանդակ, որը մ.թ.ա. 3-րդ հազարամյակում կերտվել է ժամանակակից Կիպրոսի տարածքում և 20-րդ դարի նկարիչ Իվ Կլյանի կտավներից մեկը:

Ցուցահանդեսում ընդհանուր առմամբ կներկայացվի 130 ցուցանմուշ, որոնց շարքում՝ ֆրանսիացի նկարիչներ Պոլ Գոգենի և Էդուարդ Մանեի, բելգիական նկարիչ Ռենե Մագրիտի և իտալացի Ջովանի Բելինիի աշխատանքները:

ԱՄԷ-ի իշխանությունները հույս ունեն, որ մոտ ապագայում Աս Սայադիյաթում գտնվող մերձավորարևելյան «Լուվրը» կդառնա տարածաշրջանի խոշորագույն մշակութային կենտրոններից: Այստեղ կտեղակայվի նաև ԱՄՆ Սողոմոն Գուգենհայմի թանգարանի աշխարհի ամենամեծ մասնաճյուղը և շեյխ Զայիդի Ազգային պատմական թանգարանը: Փորձագետների գնահատմամբ՝ երեք թանգարանները կարող են Աբու Դաբի գրավել տարեկան 1,5 մլն զբոսաշրջիկ:

Մեկնաբանել