Շատ համակրելի, փողասեր երիտասարդ է

2008թ. փետրվարի 29-ից հետո ժողովուրդը ՕԵԿ նախագահին որակեց որպես դավաճան, երբ տեղեկացավ, որ նա համաձայնել է անցնել Սերժ Սարգսյանի ճամբար։ ՕԵԿ-ի հանդեպ իր դատավճիռը կայացնելով՝ ժողովուրդը պահպանեց հավատը ընդդիմադիր մյուս ուժերի նկատմամբ։ Ըստ իս, սակայն, Արթուր Բաղդասարյանին տված իր որակման մեջ ժողովուրդը կարող էր ճիշտ լինել, եթե ՕԵԿ-ի հանդեպ հավատի կորուստը չփոխարիներ մյուս քաղաքական ուժերի՝ ՀԱԿ-ի, «Ժառանգության» (ԲՀԿ-ն այլընտրանք է, ոչ թե ընդդիմադիր) և ուրիշների հանդեպ հավատով։ Մյուս ուժերի հանդեպ հավատը ՕԵԿ-ի ռեաբիլիտացիան է, քանզի ո՞վ ասաց, որ մյուս ուժերը չեն ուզում այն, ինչ ստացել է ՕԵԿ-ը։

Արթուր Բաղդասարյանն իրեն հասունացրել է այդ օրվա համար, երբ ամեն ինչ կստանա միանգամից և «բիրիք»։ Բոլորի ուզածը փողը չէ՞։ Իրենք չգիտե՞ն, որ իրենց ուզածը փողն է։ Գիտեն։ Ժողովուրդը չգիտի։ Ահա ինչու, նրան թվում է, թե ՕԵԿ-ը դավաճանել է իրեն։ Մինչդեռ ՕԵԿ-ը հստակ ցույց է տվել, թե ինչ է իր ուզածը քաղաքականությունից՝ փող։ Մի՞թե Արթուր Բաղդասարյանը նման է դավաճանի։

Անշուշտ՝ ոչ։ Նա շատ համակրելի, փողասեր երիտասարդ է, որը բոլոր հնարավոր բարոյական արժեքներից և սրբություններից ընտրել է միակ իրականն ու շոշափելին՝ փողը։ Անձամբ ես Արթուր Բաղդասարյանի արարքում ոչ մի հակասություն չեմ տեսնում ընդդիմադիր լինելու և փողասեր լինելու միջև։ Հայաստանում դավաճան չի կարող լինել նույնիսկ Ադրբեջանին ծախված հայը, եթե դա արել է գումար վաստակելու համար։ Փողը ցանկացած դավաճանություն կտրում է։ Դավաճանությունն այնտեղ է, որտեղ փող չկա։ Այսինքն՝ դավաճանությունը լինում է միայն անշահախնդիր։ Իսկ Արթուր Բաղդասարյանն անշահախնդիր դավաճան չէ։

Դավաճանը կարող է լինել լավ մարդ, փողասերը չի կարող։ Դավաճանը կարող է ինքնասպան լինել, փողասերը չի կարող։ Քանի որ փողասերը միշտ «կրեատիվ» է, բազմաթիվ հանցանքներ կփորձի իր ուզածին հասնելու համար։ Դավաճանը մի օր կգիտակցի իր մեղքը, փողասերը չի գիտակցի, որովհետև ինքը ներքին ցանկացած արժեք ծառայեցնում է ներքին արժեքների հետ ընդհանուր ոչինչ չունեցող մի բան՝ փող ունենալու համար։ Դավաճանի Աստվածը մի օր կարող է լինել Հիսուսը, մյուս օրը՝ Ալլահը, երրորդ օրը նա կհամակրի Բուդդային (ես գիտեմ, որ Բուդդան Աստված չէ), հինգերորդ օրը Նժդեհի փեշից կբռնի և նույնիսկ Հիտլերի մեջ լավ գծեր կգտնի, փողասերը չի կարող։ Նա մի Աստված ունի՝ փողը։ Նույնիսկ Հուդան դավաճան չէր, նա մատնիչ էր, քանի որ իր արարքի համար ստացավ 30 արծաթ։

Դավաճանության դասական օրինակ է Քեմբրիջյան հնգյակի արարքը, որոնք Մեծ Բրիտանիայի պետական գաղտնիքներն առանց քոռ կոպեկի վաճառեցին ԽՍՀՄ-ին։ Դավաճանը կարող է լինել անձնազոհ, փողասերը չի կարող, այլապես ինչո՞ւ է նա սիրում փողը, եթե պիտի իրեն զոհաբերի ոչ փողի համար։ Մեծ ցանկության դեպքում դավաճանը նոր Հայրենիք էլ կգտնի, իսկ փողասերի Հայրենիքը իր գրպանում է, ծայրահեղ դեպքում՝ ուրիշի գրպանում։ Թյուրիմացություն է, երբ կարծում են, թե դավաճանը և փողասերը կարող են նայել նույն գրպանին, լինել նույն մարդու մեջ, «համագործակցել» մեկ մարմնում։ Դա անհնար է, դավաճանությունը, այնուամենայնիվ, ենթադրում է արժեքներ։ Քեմբրիջյան հնգյակը համալսարանի ամենակիրթ ուսանողների խումբ էր, որոնք համակրում էին ԽՍՀՄ-ին և նրա «դավանած» արժեքները։ Դավաճանին խորթ չեն համակրանքները, փողասերին խորթ են, դավաճանը կարող է լինել ապուշ, փողասերը չի կարող։
Կա միայն մեկ իդեալական դավաճանություն՝ ինքդ քեզ դավաճանելը։ Այն պահից, երբ փողը գտնում է քեզ, ինքդ քեզ դավաճանելը թեմա չէ։ Թեմա կլիներ, եթե մինչ այդ հավատարիմ լինեիր այն արժեքներին, որոնք մարդու մասին են, եթե մինչ այդ ունենայիր ներաշխարհ։

Փողը ներաշխարհի դեմ ուղղված ոտնձգություն է, այն որևէ հարաբերության ինտելեկտուալ կամ բութ գործիք չէ, ինչպես, ասենք, երկրաշարժն այդպիսին չէ։ Փողն ամբողջությամբ հարաբերության արտաքին ռեսուրս է, այն մի բան է, որը կարող ես շոշափել հանուն քեզ ու քո ընտանիքի կամ ընդդեմ ուրիշի։ Պարտադիր չէ, որ այն ապականի քեզ, բայց ինքն իր մեջ միշտ կրում է ապականության բջիջը, ինչպես մարդու մարմնում միշտ առկա է քաղցկեղածին բջիջը։ Փողը քեզ մերկացնում է։ Դավաճանությունը՝ նույնպես, սակայն փողը վերադիրքավորում է քեզ (ասենք՝ ընդդիմությունից սարքում իշխանություն), իսկ դավաճանությունը քայքայում է, քանի որ նրան խորթ չէ ինքնագիտակցությունը, այն ի վերջո ներաշխարհում կատարվող գործողություն է։