ԲՀԿ-ն բաց է Օսկանյանի առաջադրած թեզը քննարկելու համար. Ն. Զոհրաբյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է Հայաստանի նախկին արտգործնախարար, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան վերջին գրառմանը` «ԲՀԿ-ն պետք է իրեն ընդդիմադիր» հռչակի:

Զոհրաբյանի հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան վերջին գրառումից հետո իմ հեռախոսը չի լռում, ինչը, թերևս, հասկանալի է: Մյուս կողմից որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, և որևէ արտառոց բան չի ասվել: Ես տարբեր առիթներով բազմիցս ասել եմ, որ ԱԺ կանոնակարգի այն դրույթը, որը որոշում է քաղաքական ուժի ընդդիմադիր լինել կամ չլինելը՝ խիստ արհեստական եզրույթ է:

Քաղաքական ուժի իշխանություն լինել կամ չլինելը որոշում է օբյեկտիվ իրականությունը: ԲՀԿ-ն մաս չէ իշխանական կոալիցիայի և դրանով ամեն ինչ ասված է: Ի վերջո, ընդդիմություն լինել-չլինելը չի որոշվում ԵԽ հանձնարարականներով, կամ ԱԺ կանոնակարգի արհեստածին դրույթով. այլ որոշվում է քաղաքական ուժի գործունեությամբ և նրա ներկայացրած ու իրագործվող քաղաքական օրակարգով:

Կա նաև հարցի մեկ այլ կողմը` Հայաստանում վերջին տարիներին քաղաքական դաշտն այնքան է լղոզվել ու նաև, չխուսափենք ձևակերպումից` վարկաբեկվել, «ընդդիմություն» հասկացությունը այնքան անորոշ և երկիմաստ է դարձել, որ այդ հասկացությունը ևս հստակեցման լուրջ փուլեր պիտի անցնի:

Ի վերջո, մեր բոլորի աչքի առաջ բազմաթիվ «ընդդիմադիր» ականներ և հաճախորդներ բացահայտվեցին, և այդ պրոցեսը շարունակվում է: Ամփոփելով՝ նշեմ, որ ԲՀԿ-ն բաց է իր ներսում ցանկացած հարց, այդ թվում` Օսկանյանի առաջադրած թեզը քննարկելու և կարծիքներ փոխանակելու համար»: