Ր. Հովհաննիսյանը հանդիպել է բրիտանացի դիվանագետների հետ

Ապրիլի 26-ին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Քոլին Ռոբերթսին, ասված է Հովհաննիսյանի շտաբի տարածած հայտարարությունում: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանում Նորին Մեծության դեսպան Ջոնաթան Էյվզը, դիվանագիտական առաքելության փոխղեկավար Ամիաս Մուրեսը:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Քննարկվեցին հայաստանյան վերջին նախագահական ընտրությունները, որոնց իրական արդյունքներով Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրված նախագահն է, իսկ Սերժ Սարգսյանը՝ ընտրակեղծիքների միջոցով հաղթողը: Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Հայաստանի ներքաղաքական առկա իրավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին ու միջազգային հարաբերություններին՝ ընդգծելով Արցախի Հանրապետության գոյության, նրա իրավունքի ճանաչման հրամայականները և Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի Մեծ հայրենազրկման հետևանքների հանգուցալուծման անհրաժեշտությունը»:

Հանդիպմանը ներկա է եղել նաև «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Մեկնաբանել