Թուրքիայում հարձակվում են եկեղեցիների վրա

Ապրիլի 27-ին և 28-ին Թուրքիայում հարձակումներ են տեղի ունեցել եկեղեցիների վրա: Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթը գրում է, որ այս վանդալիզմին թուրքական մամուլը որևէ կերպ չի անդրադարձել:

Ապրիլի 27-ին 30-40 հոգուց բաղկացած անհայտ անձանց խումբը ձվերով և քարերով հարվածել է Աթաշեհիրի Նոր հույս եկեղեցու պատերին` պատճառելով նյութական մեծ վնաս: Կոտրվել են եկեղեցու ապակիները, տեղահանվել` եկեղեցու վահանակը, պատռվել` մուտքի դռան վրա փակցված դեկորները: Խմբի անդամներից ոմանք հարվածել են դռանը և փորձել ներս մուտք գործել, սակայն չի հաջողվել: Շուտով դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:

Հաջորդ օրը` ապրիլի 28-ին, 15-18-հոգանոց մեկ այլ խումբ հարձակվել է Բուրգազիի հույն ուղղափառ եկեղեցու վրա: Նրանք մուտք են գործել եկեղեցի, գողացել մոմասեղանի վրա դրված գումարը, կոտրել պահարանը, վերցրել մոմերը և նետել փողոց:

Բուրգազցիներին հաջողվել է բռնել եկեղեցու վրա հարձակվողներին. պարզվել է, որ նրանք անչափահասներ են: Ոստիկանությունը, պատճառաբանելով նրանց տարիքը, և այն, որ ոստիկանությունը չունի անչափահասների համար նախատեսված բաժանմունք, ազատ է արձակել նրանց` հոգալով նրանց իրենց բնակության վայր ուղարկելու խնդիրը: Այն, որ ոստիկանությունն այս կապակցությամբ որևէ միջոցառում չի ձեռնարկել, դժգոհություն է առաջացրել բնակչության շրջանում:

Հույն ուղղափառ եկեղեցու կամավորական Յեորգիոս Գուլերը սոցիալական ցանցերում տեղադրել է եկեղեցու վնասված գույքի նկարները: