Պայթյուն լիբիական Բենղազիում․ կա 15 զոհ

Լիբիական Բենղազի քաղաքում 15 մարդ զոհվել է «Ջալա» հիվանդանոցի մերձակայքում ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով, հաղորդում է BBC-ն։ Համաձայն լիբիական լրատվամիջոցների՝ զոհվածների մեջ կան կանայք և երեխաներ։

Լիբիայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդալլահ Մասուդը տեղեկացրել է 30 վիրավորի մասին։

Մասուդի խոսքով՝ պայթյունի ալիքը ավերել է մի ռեստորան և վնասներ է հասցրել հարակից մի շարք շինությունների։

Բենղազին համարվում է Լիբիայի՝ ներկայում հանգուցյալ առաջնորդ Մուամար Կադաֆիի դեմ 2011թ․ ապստամբած առաջին քաղաքը։

Վերջին երկու տարում այս քաղաքում տեղի են ունեցել մի շարք հարձակումներ անվտանգության ուժերի և արևմտյան երկրների ներկայացուցչությունների վրա։ Անցյալ տարվա սեպտեմբերի 11-ին Բենղազիում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվեց Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը։

Մեկնաբանել