Կարկուտից վնասված այգիները կարող են պտուղ տալ եկող տարի, դաշտերը՝ այս. փոխնախարար

Արմավիրի մարզի շուրջ 40 համայնք տուժել է կարկուտից. այս մասին խոսեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Արմնյուզ» հեռուստատեսության «Բանաձև» հաղորդման շրջանակում: Ըստ նրա՝ արդեն իսկ ստեղծվել է հանձնաժողով վնասի չափը ճշտելու և փոխհատուցման հարցը քննարկելու համար:

«Արմավիրի մարզում կա 101 հակակարկտային կայան: Դրանք գործել են, բայց՝ ոչ արդյունավետ»,- նշեց նա՝ հավելելով, որ կարկուտը եղել է աննախադեպ ուժեղ, և կայանները չէին կարող դիմագրավել այդ ուժգնությանը: Հաղորդավարը հիշեցրեց, որ կան տեղեկություններ, որ հենց կարկուտի տեղալու պահին 13:15-13:55, հոսանքազրկվել է այդ տարածքը, և կայանները չեն աշխատել, այլ տեղեկությունների համաձայն էլ՝ մի շարք համայնքներում կան կայաններ, սակայն համայնքները չունեն դրանք լիցքավորելու գումարներ: Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ կայանների շահագործման պատասխանատուն գյուղնախարարությունը չէ:

Փոխնախարարի խոսքով՝ գյուղացիներից շատերը հուսահատ են, և կարծում են, որ վնասված այգիներն այլևս վերականգնելի չեն, սակայն իրականում այդ այգիները կարող են բերք տալ եկող տարի: «Կարկտահարված վազերի էտի և խնամքի նոր ձևեր են մշակվել, և այս պահին արդեն մասնագիտական ցուցումները տրամադրվում են՝ բացատրելու, թե ինչ պետք է անել, որ վազը նորից շիվ տա: Պետք է իմանալ, որ վազն ունի պահեստային կամ քնած աչքեր, և եթե կենտրոնական աչքը վնասվում է, պետք է այնպես անել, որ եկող տարի վազն արդեն աճ տա»,- նշեց նա:

Պետրոսյանը հաղորդեց նաև, որ թեև վնասվել են հատկապես խաղողի այգիները, սակայն կան նաև վնասված դաշտեր, և այդ պարագայում գյուղացին կարող է այլ մշակաբույսեր՝ օրինակ, ձմերուկ կամ սեխ ցանել, «դրանց համար դեռ ուշ չէ»: «Սերմացուների որոշ տեսակներ կարող ենք առաջարկել գյուղացիներին»,- հաղորդեց փոխնախարարը:

Մեկնաբանել