Կարկտահարվել են Լուսաղբյուրի ցանքատարածքները, Երևանում անձրևը խցանել է փողոցներ

Այսօր ժամը 18:10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:07-ից 17:15-ը Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները. տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից: «Լուսաղբյուր գյուղի տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: Կստեղծվի հանձնաժողով հասցված վնասի չափերը պարզելու և գնահատելու համար»,- հաղորդում է ԱԻՆ-ը:

Այսօր ժամը 14:10-ի սահմաններում էլ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են Երևանի Լենինգրադյան, Արամ Խաչատրյան, Վ. Փափազյան, Այգեկցի, Տիչինա, Լուկաշին, Պարոնյան, Սարկավագ, Հալաբյան, Կիևյան փողոցները և մասամբ լցվել են տների նկուղները, ավտոտնակները, խանութները: Ջրահեռացման աշխատանքներով զբաղվում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ փրկարարները կատարել են ջրահեռացման աշխատանքներ Մաշտոցի պողոտայի գետնանցումի մոտակայքում շուրջ երեք ժամ:

Ըստ ահազանգի՝ խցանում էր առկա Կիևյան և Հալաբյան փողոցներում, իսկ «Բարեկամություն» մետրոյի և Մաշտոցի պողոտայի գետնանցումներում լցվել են անձրևաջրեր:

Մեկնաբանել