Հայաստանը միացել է «Դեպի ծով ելք չունեցող պետությունների» կոնվենցիաներին

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը կազմակերպության գլխավոր քարտուղարին` որպես «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին» և «Տարանցման ազատության մասին» կանոնադրության և կոնվենցիանների անվանդապահի, փոխանցել է Հայաստանի Հանրապետության կողմից նշված միջազգային կոնվենցիաներին միանալու մասին փաստաթղթերը. հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի, տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից:

Այս կոնվենցիաների առարկան է դեպի ծով ելք չունեցող պետությունների ազատ տարանցումը, ինչը կարևորագույն սկզբունք է նրանց միջազգային առևտրի ու տնտեսական զարգացման ընդլայնման, ինչպես նաև ափամերձ պետությունների հետ մեկտեղ ծովից հավասար պայմաններով օգտվելու համար:

Տնտեսական զարգացումը խրախուսելու համար «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին» կոնվեցիան նախատեսում է դրույթներ, որոնց համաձայն այդ պետություններին պետք է տրվի հնարավորություն փոխադարձության սկզբունքով ազատորեն իրականացնել տարածաշրջանային և միջազգային առևտուր բոլոր տեսակի ապրանքների համար` կանոնակարգելով տրասնպորտային միջոցների, հարկման, մաքսատուրքերի, տարանցման ու վարչական փաստաթղթերի հետ կապված գործընթացները:

Հայաստանի հարևան պետություններից նշված կոնվեցիային ավելի վաղ միացել են միայն Վրաստանը և Թուրքիան, իսկ «Տարանցման ազատության մասին» կանոնադրությանը և կոնվենցիային` նաև Իրանը:

Մեկնաբանել