Ուելսի արքայազնը ծանոթացել է Մատենադարանի բացառիկ հավաքածուին

Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը երեքշաբթի ժամանել է Երևան՝ իր մասնավոր այցը սկսելով որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր. հաղորդում են Երևանում Բրիտանական դեսպանատնից:

Զվարթնոց օդանավակայանում արքայազնին դիմավորել է «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագրի հիմնադիր Արմեն Սարգսյանը, ում հրավերքով է Հայաստանում գտնվում Ուելսի արքայազնը:

Արմեն Սարգսյանն արքայազնին ուղեկցել է Մատենադարան, ուր նրանց դիմավորել է տնօրեն Հրաչյա Թամրազյանը:

Արքայազնը ծանոթացել է Մատենադարանի բացառիկ հավաքածուի կարևորագույն նմուշներին, այդ թվում 13-րդ դարի Աստվածաշնչին: Մատենադարանի կողմից արքայազնին որպես նվեր մատուցվել է Գրիգոր Նարեկացու արծաթապատ «Մատյան ողբերգությունը»:

Արմեն Սարգսյանն արքայազնին է ներկայացրել «Երևան, իմ սեր» ծրագիրը, որը նման է «Դամֆրիների տուն» ճարտարապետական ժառանգականությանն ուղղված բարեգործական ծրագրին Շոտլանդիայում, որին անձամբ աջակցում է Ուելսի արքայազնը:

Արմեն Սարգսյանը նշել է, որ Ուելսի արքայազնի օրինակը ոգեշնչել է իրեն աշխատելու Երևանի պատմական վայրերի պահպանման և վերկանգնման ուղղությամբ:

Արմեն Սարգսյանը ներկայացրել է Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանին, ով ներկայացրեց 150 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի մանրամասները: Ռուբեն Վարդանյանը և վերջինիս տիկինը ներկայացրել են Դիլիջանի դպրոցում արքայազնի պատվին 65 ծառ տնկելու նախաձեռնությունը:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել «Երևան, իմ սեր» ծրագրի բոլոր աջակիցներին: Նա նշել է, որ իր երազանքներից մեկն է տեսնել Դիլիջանի դպրոցի աշակերտներին որպես «Դամֆրիների տուն» ծրագրի կրթական բաղկացուցիչի մասնակից:

Արմեն Սարգսյանը նկատել է, որ տարիներ առաջ նա ոգեշնչվել էր «Դամֆրիների տուն» ծրագրով և այսօր արդեն ավելի մեծ երազանք ունի՝ տեսնել «Երևան, իմ սեր» ծրագրի, Դիլիջանի միջազգային դպրոցի և «Դամֆրիների տուն» ծրագրի միջև ձևավորված համագործակցությունը:

Բնատեսարանի ճարտարապետ լորդ Ռենդլ Սիդդելին ներկայացրել է Հայ այգի հիմնադրելու գաղափարը՝ որպես «Երևան, իմ սեր» ծրագրի բաղկացուցիչ:

«Երևան, իմ սեր» ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևանի Կոնդ համայնքում` Սբ. Հովհաննես եկեղեցու հարևանությանբ վերակառուցել պատմական 3 շենք, որոնք Մոր և Մանկան ապաստան կլինեն անապահով ընտանիքների համար, նաև մսուր առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար և համայնքային գործունեության կենտրոն:

Մեկնաբանել