Հայտարարվել է ԱԺ երրորդ նստաշրջանի ավարտը

ՀՀ Ազգային ժողովն այսօր շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով «ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը». տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:

Խորհրդարանը նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Այնուհետև Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ հաշվետու տարում պետական մարմիններում և մի շարք այլ կազմակերպություններում իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել են անարդյունավետ ծախսերի բազմաթիվ խախտումներ և թերություններ: Մասնավորապես շինարարության ոլորտում վերջին 5 տարիներին Վերահսկիչ պալատի կողմից կատարված ուսումնասիրության արդյուքները ցույց են տալիս, որ խախտումների հիմնական պատճառներից մեկը, ըստ ամենայնի, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հաստատման և փոփոխման գործընթացներում առկա ռիսկերի բարձր մակարդակն է: Այդ նպատակով, 2013 թվականին Վերահսկիչ պալատը տվյալ ուղղությամբ իրականացնելու է վերահսկողական համալիր միջոցառումներ: Իշխան Զաքարյանը նշել է, որ շինարարության ոլորտում կոռուպցիոն ռիսկերից և ուռճացված գներից խուսափելու նպատակով ՎՊ-ը հաշվետու տարում հետամուտ է եղել շինարարական նախագծերի նախահաշիվներում կիրառվող տոկոսադրույքների չափերի վերանայմանը: Մասնավորապես ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը և Երևանի ճարտապետության ու շինարարության պետական համալսարանը համատեղ կարգով վերանայել են տոկոսադրույքների չափերը, որոնց անաչառության վերաբերյալ Վերահսկիչ պալատը հայտնել է իր անհամաձայնությունը: Ըստ Իշխան Զաքարյանի՝ Վերահսկիչ պալատի մասնագետների անմիջական նախաձեռնությամբ և մասնակցությամբ մշակվում են տոկոսադրույքների նոր չափեր: Ճանապարհաշինարարության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով նույնպես բացահայտվել են մի շարք բացթողումներ և խախտումներ: Նշվեց, որ վերահսկողությամբ դեռևս բացահայտվում են հակամրցակցային, անարդյունավետ, ոչ թափանցիկ, ոչ հրապարակային և խտրական հիմքերով կազմակերպված գնման գործընթացներ: Այս առումով ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ մշակվում է ՀՀ էլեկտրոնային գնումների համակարգի բարեփոխումների 2013-2015 թթ. ճանապարհային քարտեզ, որով նախատեսվում է շտկել խափանված համակարգը: Իշխան Զաքարյանի տեղեկացմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որակավորման պատշաճ վերահսկողություն չի իրականացրել զբոսաշրջության բնագավառում հյուրանոցային տնտեսության օբյեկտների նկատմամբ: Հողամասերը վարձակալությամբ տրամադրելու գործընթացում նույնպես արձանագրվել են որոշ խնդիրներ, մասնավորապես վարձավճարները սահմանմանվել են կամայական մոտեցումներով: Հաշվետու ժամանակաշրջանի բնապահպանական վերահսկողությունն իրականացվել է աղբահանության և սանիտարական մաքրման համակարգերում. այստեղ նույնպես հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ միջազգային հարաբերությունների ոլորտում Վերահսկիչ պալատի գործունեությունը նույնպես եղել է ծավալուն և ընդգրկուն: Մասնավորապես ավելի է խորացել Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի հետ համագործակցությունը:

ՎՊ-ը ՀՀ Ազգային ժողովին առաջարկում է «Թափոնների մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ` հստակեցնելով «տեղադրում» և «պահում» հասկացությունները, մշակել և հաստատել արտադրության և սպառման թափոնների տեղադրման գործընթացի իրականացման կարգը, համապատասխանեցնել կենցաղային աղբի աղբահանության հարաբերությունների կարգավորման մասով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի և թափոնների մասին ՀՀ օրենսդրության դրույթների պահանջները:

Հարց ուղղելով ՎՊ նախագահին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մտահոգություն է հայտնել, որ ՀՀ վերահսկիչ պալատն ամեն տարի հանդես է գալիս տարբեր ոլորտներում գրանցված խախտումների ու չարաշահումների վերաբերյալ հաշվետվությամբ, բայց չարաշահումները շարունակվում են: ԱԺ նախագահը նկատել է, որ հասարակության շրջանում տպավորություն է ստեղծվում, որ խախտումները հայտնաբերվում են, դրանց մասին բարձրաձայնվում է, բայց լուծում չեն ստանում: «Վարչապետը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ, ինչը պետք է լուրջ հետևանքներ ունենա կոնկրետ պաշտոնյաների համար: Չկան անփոխարինելի պաշտոնյաներ, պետք է ազատվել այն մարդկանցից, ովքեր զբաղված են թալանով, կեղծիքներով և յուրացումներով»,- ասել է ԱԺ նախագահը:

Իշխան Զաքարյանը, պատասխանելով ԱԺ նախագահին, նշել է, որ միայն Ջրային տնտեսության պետական կոմիտեն չի համաձայնել ՎՊ-ի արձանագրած խախտումների հետ: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետը նախարարներին խնդրել է պարզաբանել, թե ինչպես են վերաբերում իրենց ոլորտներում արձանագրված բացահայտումներին: ՎՊ նախագահը նշել է, որ կառավարության ղեկավարի հանձնարարությամբ՝ նախարարների պատասխաններն այս պահի դրությամբ տեղադրված են կառավարության կայքէջում և կարելի է տեղեկանալ՝ ինչ է արվել խախտումը վերացնելու ուղղությամբ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ պետք է թացը չորից տարբերել և օր առաջ ազատվել կոռումպացված չինովնիկներից:

ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվության վերաբերյալ պատգամավորները հարցեր են ուղղել կառույցի ղեկավար Իշխան Զաքարյանին: Հերթագրված մոտ երեք տասնյակ պատգամավորների հարցերը վերաբերում էին տարբեր կառույցներում գնումների գործընթացին և դրանց արդյունավետությանը, «ատկատներին», վարկավորման գործընթացին և վարկերի օգտագործմանն ու փոշիացմանը, կոռուպցիայի դեպքերին, կենսաթոշակների, շինարարության, քաղավիացիայի և այլ ոլորտներում արձանագրված բազմաբնույթ խախտումներին և յուրացումներին, պետական սեփականություն հանդիսացած և օտարված հողերի անհավանական գերցածր գներին և այլն:

Բազմաթիվ պատգամավորներ հարցերին զուգընթաց՝ բարձրացնում էին մեղավորներին և իրավախախտներին քրեական պատասխանատվության ենթարկելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունն ու ՎՊ-ի՝ հետևողական լինելու կարևորությունը, որին ի պատասխան Վերահսկիչ պալատի նախագահը պարզաբանեց, որ ՀՀ դատախազություն ուղարկվում են քրեաիրավական բնույթի խախտումներ արձանագրած ուսումնասիրությունները: Իսկ ինչ վերաբերվում է համակարգային բարեփոխումներին՝ դրա անհրաժեշտությունն Իշխան Զաքարյանը նույնպես տեսնում է:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել գլխադասային՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը: Նա նշել է, որ տարեկան հաշվետվությունը, որը կազմված է 15 ընթացիկ հաշվետվություններից, հանձնաժողով է ներկայացվել բոլորը միասին, ուստի հանձնաժողովը հնարավորություն չի ունեցել առանձին-առանձին հանգամանալից քննարկելու դրանք: Պատգամավորը տեղեկացրել է նաև, որ ՎՊ նախագահի հետ պայմանավորվել են, որ արդյունավետ քննարկում կազմակերպելու նպատակով ՀՀ վերահսկիչ պալատը հաջորդ տարվա ընթացիկ հաշվետվությունները հանձնաժողով ներկայացնի առանձին-առանձին: Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրել է նաև, որ հանձնաժողովը քննարկել և ի գիտություն է ընդունել ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունը:

Հարցի քննարկումն ընդհատվել է, քանի որ ավարտվել է քառօրյա նիստերի և գարնանային նստաշրջանի աշխատանքը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի ավարտի մասին. նստաշրջանն ամփոփվել է Հայաստանի Հանրապետության օրհներգով:

Մեկնաբանել