«Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով խորհրդաժողով Հայաստանում

Հունիսի 19-ին Երևանում (Մատենադարանի շենքում) տեղի կունենա «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովը, որը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում` Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությամբ, հաղորդում են տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն ԵԽ անդամ երկրներում տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության հետ կապված ներկա իրավիճակը, մասնակցային ժողովրդավարության դերը` տեղական իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման հարցում, տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության ամրապնդման ուղիները, կներկայացվի նաև ԵԽ անդամ երկրներում այս ոլորտում առկա դրական փորձը:
Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաան, Կոնգրեսի երկու` տեղական իշխանության և տարածաշրջանների պալատների նախագահներն ու անդամները, ինչպես նաև Հայաստանի շահագրգիռ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային և տեղական փորձագետներ:

Բացման խոսքով հանդես կգա փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Կկազմակերպվեն քննարկումներ հետևյալ թեմաներով` «Արդյոք այսօր տեղական ժողովրդավարությունը հնարավոր է առանց ուղիղ մասնակցության», «Մասնակցային մոդել. ուղիղ և ներկայացուցչական ժողովրդավարության միավորում», «Էլեկտրոնային ժողովրդավարություն. քաղաքացիական մասնակցության նոր ձևեր»:

Թեմատիկ քննարկումների արդյունքները կամփոփվեն համաժողովի փակմանը` Հերվիգ վան Շտաայի և տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի կողմից:

Մինչ այդ` հունիսի 18-ին, Երևանում (Հայաստանի ազգային գրադարանի շենքում, Տերյան 72) կանցկացվի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը: Բյուրոն Կոնգրեսի քաղաքական և գործադիր մարմինն է:

Մեկնաբանել