Երևանի որոշ փողոցների երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի

Մայրաքաղաքի հասարակական հանգստի տարբեր վայրերում հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու, ինչպես նաև զբոսանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով Երևանի քաղաքապետի Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել և առաջարկություններ են ներկայացվել որոշ փողոցների երթևեկի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Քաղաքապետի որոշմամբ «Կասկադ» համալիրին հարակից Թամանյան փողոցի` մինչև Իսահակյան փողոց ընկած հատվածում առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան ժամը 23-ը ավտոտրանսպրոտային միջոցների երթևեկն ու կայանումը ժամանակավորապես դադարեցված է: Տարածքն ամբողջությամբ կահավորված է ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը տեղեկացրել է, որ վարչության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մշտական հսկողություն են իրականացնում, և վարորդներին տեղեկացվում է գործող նոր կարգի մասին, սակայն հետագայում օրինախախտ վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Քննարկման փուլում են Հյուսիսային պողոտայի` Տերյան-Հին երևանցի, Մոսկովյան պուրակին հարակից Գ. Քոչարի փողոցների, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում նման հնարավոր վայրերի երթևեկության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ առաջարկությունները:

Մեկնաբանել