Փակվել փոխարժեքի հաշվին

Ընթացիկ տարվա վեց ամիսներին Հայաստանի արտաքին պարտքը կրճատվել է 4,5%-ով կամ $169 մլն-ով՝ հունիսի վերջին կազմելով $3,569 մլրդ։ Կրճատմանը նպաստել է համաշխարհային հիմնական արժույթների փոխարժեքի վարքագիծը։ Բացի այդ՝ պետպարտքի սպասարկմանն ավելի շատ միջոցներ են ուղղվել, քան ներգրավվել է։

Համաձայն ֆինանսների նախարարության «Պետական պարտքի տեղեկագիր. հունիս» հրապարակման՝ այս տարվա վեց ամիսներին արտաքին աղբյուրներից ստացվել է $98,3 մլն, որից $50 մլն-ը՝ կառավարության, իսկ $48,3 մլն-ը՝ Կենտրոնական բանկի մասով։ Միևնույն ժամանակ, պետական պարտքի սպասարկմանն ուղղվել է $196,4 մլն, որից $171 մլն-ը՝ մայր գումարի մարմանը, $25,4 մլն-ը՝ տոկոսավճարներին։

Այլ հավասար պայմաններում արտաքին պետական պարտքը պետք է կրճատվեր $148,1 մլն-ով, իրականում կրճատվել է $169 մլն-ով, ինչը պայմանավորված է փոխարժեքային գործոնով։ Բանն այն է, որ Հայաստանի արտաքին պարտքը հաշվարկվում է ԱՄՆ դոլարով, այն դեպքում, երբ պետական պարտքում դոլարային վարկերի մասնաբաժինը միայն 22,3% է։ Փոխառությունների զգալի մի մասը՝ 59,6%-ը, արտահայտված է SDR-ով, 9,3%-ը՝ եվրոյով, 8,7%-ը՝ ճապոնական յենով։ Արդյունքում համաշխարհային հիմնական արժույթների փոխարժեքների տատանումները հանգեցնում են նաև Հայաստանի արտաքին պետական պարտքի ծավալի փոփոխության։

Փոխարժեքի գործոնը, բացի այդ, նպաստել է պարտքի սպասարկման ծախսերի նվազմանը։ Այսպես՝ գործադիրը առաջին եռամսյակում կառավարության արտաքին պետական պարտքի սպասարկմանը ծրագրել էր ուղղել $106,58 մլն, իրականում հատկացվել է $102 մլն։ Տնտեսվել է ամբողջապես տոկոսավճարների հաշվին։

2013թ. ընթացքում արտաքին պետական պարտքի գծով նախատեսվում է սպասարկել $418,6 մլն, որից $354,2 մլն՝ հիմնական գումարի մարման գծով, $64,4 մլն՝ տոկոսավճարների։ Այս տարի արտաքին պետպարտքի սպասարկմանն ուղղվող միջոցների 53,4%-ը բաժին է ընկնելու կառավարությանը։

Տարվա ընթացքում ծրագրված է ներգրավել ընդհանուր առմամբ $479 մլն-ի վարկային միջոցներ։ Պետական պարտքը կավելանա $95,3 մլն-ով և դեկտեմբերի վերջին կկազմի արդեն $3,833 մլրդ։

Թեև բացարձակ թվերով տեղի է ունենալու արտաքին պետական պարտքի աճ, ընդհանուր առմամբ բարելավվելու են պետպարտքի հիմնական ցուցանիշները։ Այսպես, ըստ կառավարության, արտաքին պարտք/ՀՆԱ ցուցանիշը անցած տարվա համեմատ կբարելավվի 2,6-տոկոսային կետով՝ տարեկան կտրվածքով կազմելով 37,7%։

Մյուս կողմից՝ կվատթարանան պետական պարտքի սպասարկումը բնութագրող ցուցանիշները։ Այս տարի տոկոսավճարներ/արտահանում ցուցանիշը ծրագրված է 2,3%-ի մակարդակում (2012թ. այն 2,2% էր), մարում/արտահանում ցուցանիշը՝ 12,6%-ի (2012թ.՝ 7,4%)։ Սպասարկման ցուցանիշների վատթարացումը պայմանավորված է նրանով, որ այս տարի տեղի է ունենալու Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից 2009թ. տրամադրած $237 մլն վարկի հիմնական գումարի մարումը ($92,36 մլն)։ Բացի այդ՝ այս տարի $43,8 մլն պետք է ուղղվի $500 մլն ռուսական վարկի մայր գումարի մարմանը։

Մեկնաբանել