Մհեր Մկրտչյան թատրոնում բեմադրվել է «Հայ ենք մենք» ներկայացումը

Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Լիբանանի Հայ Կաթողիկե եկեղեցու «Սուրբ խաչ» Հարպոյան վարժարանի աշակերտներից բաղկացած թատերախմբի կողմից Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում բեմադրվել է «Հայ ենք մենք» ներկայացումը:

Ինչպես հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից, թատերախումբը մասնակցել է նաև «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլին և հյուրընկալվել Հայ կաթողիկե եկեղեցու Երևանի հյուրատանը:

Ներկայացումը երեք անգամ բեմադրվել է Բեյրութում, այն ներկայացնում է սփյուռքահայ երիտասարդի և երևանցի աղջկա սիրո խորհրդանշական պատմություն, որը երջանիկ ավարտ է ունենում և նրանք վառում են մի նոր հայեցի օջախ:

Ներկայացումը եկել էին դիտելու Հայաստանում գտնվող սիրիահայեր, «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլի մասնակիցներ, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Լիբանանի Հայ Կաթողիկե եկեղեցու «Սուրբ խաչ» Հարպոյան վարժարանի տնօրեն Ռիտա Բոյաջյանը:

Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը բարձր է գնահատել այն նվիյալների և խմբերի գործունեությունը, ովքեր Սփյուռքում վառ են պահում հայ մշակությի ջահը: Նա վստահություն է հայտնել, որ թատերախումբը հաջողությամբ կշարունակի իր գործունեությունը՝ պահպանելով ու զարգացնելով հայ թատերական արվեստը Լիբանանում:

Մեկնաբանել