Հունաստանում տնտեսական ճգնաժամի զոհ է դարձել Միքի Մաուսը

Հունաստանում ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցվել է աշխարհահռչակ Միքի Մաուսի և Դիսնեյի այլ հերոսների մասին կոմիքսների պարբերականի հրատարակությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է «Նեա Ակտինա» պարբերականի սեփականատեր Խրիստոս Տերզոպուլոսը:
Միքի Մաուսի մասին առաջին կոմիքսը թողարկվել է 1966թ.: Հունաստանում արդեն վեց տարի ձգվող ճգնաժամի հետևանքով հազարավոր ընկերություններ են փակվել:

«Հրատարակումը դադարեցնելը հեշտ որոշում չէր: Մի քանի ամիս մենք բանակցություններ էինք վարում և փորձում էինք լուծում գտնել»,- գրել է հրատարակիչը:
Նրա խոսքերով՝ մինչև վերջին պահը հույս է եղել, որ հնարավոր կլինի շարունակել աշխատանքը::

«Մենք ամսագիրը հրատարակում էինք այնքան լավ, որքան թույլ էին տալիս հնարավորությունները: Մենք այն կվերաբացենք, երբ պայմաններ լինեն»,- ասել է Տերզոպուլոսը՝ նշելով, որ բանակցությունների գաղտնիությունն իրեն թույլ չի տալիս ավելին ասել այդ մասին:

«Դուք պետք է իմանաք, որ ամբողջ կյանքի (մոտ 48 տարի) գործը դադարեցնելու մասին որոշումը հեշտ չի տրվել»,- նշել է նա:
Տերզոպուլոսի պարբերականը թողարկել է ավելի քան 2 400 կոմիքս, որոնցով հույների երկու սերունդ է մեծացել: