Օֆշորային ներդրումներ Հայաստանում

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացված միջոցների) կազմել է $293,1 մլն՝ 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվելով 34,7%-ով։ Նույն ժամանակահատվածում ուղղակի ներդրումների ծավալը կրճատվել է 64,2%-ով՝ կազմելով ընդամենը $118,2 մլն։

Համեմատության համար՝ նույնիսկ ճգնաժամային 2009թ. առաջին կիսամյակում ավելի շատ ներդրումներ են հոսել Հայաստան. օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է $312,2 մլն, որից ուղղակի ներդրումները՝ $246,4 մլն։

Առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների ծավալը կարող էր էլ ավելի փոքր լինել, եթե կտրուկ չավելանային օֆշորային գոտիներից Հայաստանի տնտեսության մուտք գործած միջոցները։

Այսպես, այս տարվա վեց ամիսներին Կիպրոսից Հայաստանի տնտեսությունում կատարվել է $35,7 մլն-ի նեդրում (աճը՝ 13,9 անգամ)։ Ներդրումների ավելի քանի 90%-ը կատարվել է մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտում։

Օֆշորային Վիրջինյան կղզիներից Հայաստանի տնտեսությունում կատարված ներդրումների ծավալն աճել է միանգամից 245,6 անգամ՝ կազմելով $9,4 մլն։ Այդ միջոցների 85%-ն ուղղվել է շինարարության ոլորտ։

Բացի այդ, ավելացել է Արգենտինայից կատարված օտարերկրյա ներդրումների ծավալը, մոտ 10,4 անգամ՝ կազմելով $76 մլն։ Գումարն ամբողջովին բաժին է ընկել գործարար Էդուարդո Էռնեկյանի հայաստանյան բիզնեսներին. միջոցներն ուղղվել են գյուղատնտեսության և օդային տրանսպորտի գործունեություն ոլորտներ։

Մյուս կողմից՝ կրճատվել են ներդրումները Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկեր երկրներից։ Ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում նվազել են 4,6%-ով՝ կազմելով $38,4 մլն, ֆրանսիական ներդրումները կրճատվել են 86%-ով՝ մինչև $29 մլն, Գերմանիայից ներդրումների ծավալը կրճատվել է 12,6%-ով՝ կազմելով 12,4%։

Հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումներն ուղղվել են հիմնականում երեք՝ օդային տրանսպորտի գործունեության (ծավալի 24,67%-ը), մետաղական հանքաքարի արդյունահանման (23,91%-ը) և հեռահաղորդակցության (13,67%-ը) ոլորտներ։