1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակվեց ԼՂՀ-ն

1991-ի հունվարին, ապրիլին, անգամ օգոստոսի կեսերին Արցախում, Հայաստանում կամ Սփյուռքում դժվար էր հավատալ, որ շուտով՝ սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղը հռչակելու է իր անկախությունը: Պետք է հետադարձ հայացք նետես ոչ վաղ անցյալի պատմությանը, աչքի անցկացնես ժամանակագրությունը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպիսի ծանր, անհուսալի թվացող, հակասական, բայց նաև հերոսական էր 1991-ը հայ ժողովրդի համար: Այդ թվականի առնվազն երկու ամսաթվեր գրանցվել ու մնալու են հայոց պատմության մեջ. սեպտեմբերի 2-ը, երբ Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը, և սեպտեմբերի 21-ը, երբ Հայաստանը անցկացրեց Անկախության իր հանրաքվեն:

Այսօր, այդ պատմական թվականից 22 տարի անց, կարելի է ասել, որ ընտրվեց ճշգրիտ տարբերակը: Ճիշտ է, անցնող 22 տարիների ընթացքում աշխարհի որևէ պետություն, այդ թվում անգամ Հայաստանը, չի ճանաչել Արցախի անկախությունը, սակայն դա չի նշանակում, որ հաշվարկը եղել է սխալ: Անկախության ճանապարհը լի է բազմաթիվ խոչընդոտներով ու խութերով, այդ ճանապարհը կարող է տասնամյակներ տևել: Սակայն եթե ժողովուրդը հավատում է անկախության գաղափարին, ապա այն մի օր դառնում է իրականություն:

Երբ 1991-ի օգոստոսին ձախողվեց հեղաշրջման փորձը Մոսկվայում, Խորհրդային Միության փլուզումը ավելի արագացավ: Խորհրդային բոլոր հանրապետությունների համար արդեն դարձավ ակնհայտ, որ կայսրության դե յուրե գոյությունը շաբաթների ու ամիսների հարց է ընդամենը: Խորհրդային 15 հանրապետություններից միայն վեցը՝ բալթյան երեք երկրները՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա, ինչպես նաև Մոլդովան, Վրաստանը և Հայաստանը, իրենց անկախությունը հռչակել էին նախքան 1991-ի օգոստոսը: Մյուս ինը հանրապետությունները, այդ թվում նաև Ադրբեջանը, անկախություն հռչակեցին միայն օգոստոսյան ձախողված հեղաշրջման փորձից հետո միայն:

Ադրբեջանի անկախության հռչակումը, որը տեղի ունեցավ 1991-ի օգոստոսի 30-ին, Արցախի ղեկավարությանը և ժողովրդին կանգնեցրին փաստի առաջ: Հայաստանը իր անկախությունը հռչակել էր մեկ տարի առաջ՝ 1990թ. օգոստոսի 23-ին: Շատ կարևոր մի իրողություն կա այստեղ. Հայաստանն իր անկախությունը հռչակել էր Խորհրդային Հայաստանի՝ այսինքն՝ շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա՝ առանց Արցախի կամ ինչպես ընդունված էր ասել՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ): 1991թ. սեպտեմբերին 21-ին, երբ տեղի ունեցավ Հայաստանի Անկախության հանրաքվեն, այն անցկացվեց 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա՝ առանց Արցախի: Այսպիսով, 1991թ. Մոսկվայի օգոստոսյան խռովության օրերին Արցախը դե յուրե Հայաստանի մաս չէր, իսկ դե ֆակտո պատերազմի վայր էր հայերի ու ադրբեջանցիների միջև: Պատերազմի այս՝ առաջին փուլում, որը կարելի է անգամ համարել նախապատերազմյան շրջան, առավելությունը ակնհայտորեն Ադրբեջանի կողմն էր: Մյուս կողմից, Արցախը հոգևարքի մեջ գտնվող Խորհրդային Միության մաս էր կազմում, Խորհրդային Միության քարտեզներում ԼՂԻՄ-ը նշվում էր Ադրբեջանի կազմում, Կրեմլի պաշտոնյաները Ստեփանակերտ այցելելու համար նախ մեկնում էին Բաքու: ճիշտ է, Արցախը որևէ կերպ չէր ընդունում Ադրբեջանի գերիշխանությունը, սակայն 1990-1991 թվականներին, հատկապես 1991-ի մայիս-հուլիս ամիսներին, երբ խորհրդային տանկերի ու զինվորների օգնությամբ ադրբեջանական զինված խմբավորումներն ու ոստիկանական ջոկատները ճնշում էին արցախյան դիմադրությունը, ԼՂ քաղաքական ղեկավարության մի ստվար հատված կողմ էր արտահայտվում քաղաքական բանակցություններ վարել Բաքվի հետ՝ դա համարելով չարյաց փոքրագույնը:

Եվ ահա, երբ 1991-ի օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը, Արցախին այլ բան չէր մնում, քան նույնպես հռչակել իր անկախությունը: Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Այդ օրենքի առանցքը ԽՍՀՄ կազմից դուրս գալու հանրաքվեի գաղափարն էր: Եթե միութենական հանրապետությունը ցանկանում է դուրս գալ ԽՍՀՄ կազմից, ինչը թույլատրում էր սահմանադրության 72-րդ հոդվածը, ապա ընթացակարգը հանրաքվեն է` ժողովրդական քվեարկությունը: Այսպիսով, Արցախն իր անկախությունը հռչակեց դե յուրե գոյություն ունեցող Խորհրդային Միության օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ չխախտելով որևէ օրենք և ընթացակարգ:

1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում տեղի ունեցավ հանրաքվե, արցախահայությունը բացարձակ մեծամասնությամբ անկախ պետություն կերտելուն «այո» ասաց:

Ճիշտ է, արցախյան շարժումն սկսվել էր Միացումի գաղափարով, սակայն իրողություններն ինչ որ տեղ պարտադրեցին կատարել այլ ընտրություն, որը, տարիների հեռվից դատելով, կարելի է ասել՝ լավագույն ընտրությունն էր: Եթե Արցախը իրեն հռչակեր Հայաստանի մաս, ապա միջազգային հանրության համար դա ընկալելի չէր լինի, ավելին՝ Հայաստանը անընդհատ դիվանագիտական հարվածներ կստանար:

Վերջին 22 տարիներին աշխարհի քաղաքական քարտեղի վրա հայտնվել են տասնյակ նոր պետություններ, որոնցից վերջինը Հարավային Սուդանն էր: Ե՞րբ է գալու Արցախի դե յուրե ճանաչման օրը:

Մեկնաբանել