Սամվել Ճզմաչյանը հեռացավ «Անելիք բանկից»

«Սույն թվականի մայիս ամսից ստանձնելով ՀԲՄ նախագահի պաշտոնը՝ ես երկտեղում էի «Անելիք բանկի» վարչության նախագահի և ՀԲՄ նախագահի պաշտոնները: Բանկերի միության խորհրդի նիստում որոշում էր կայացվել մեծացնել Միության դերը և նշանակությունը: Նման պարագայում երկու պաշտոններին զուգահեռ ղեկավարելը բավական դժվար և, ինչու չէ, անհնարին է: Հաշվի առնելով վերը նշվածը՝ ես որոշում կայացրեցի մնալ միայն Հայաստանի Բանկերի միության նախագահ»,- իր որոշումը հիմնավորել է Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

«Անելիք բանկի» խորհրդի նիստում բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Բաբիկ Նաջարյանը, որը մինչ այդ զբաղեցրել է բանկի վարչության նախագահի տեղակալի պաշտոնը։

Ուշագրավն այն է, որ թեև «Անելիք բանկի» տարածած հաղորդագրության համաձայն Սամվել Ճզմաչյանը բանկից իր հեռանալը պայմանավորել է ՀԲՄ նախագահ ընտրվելու հանգամանքով, իրականում «Անելիք բանկից» նա հեռացել է, քանի որ այլևս այս բանկի բաժնետեր չէ։

«Անելիք բանկի» պաշտոնական կայքում օգոստոսի 27-ին զետեղված տեղեկատվության համաձայն՝ լիբանանյան խոշորագույն բանկերից մեկը՝ CreditBank S.A.L-ը, դարձել է «Անելիք բանկի» բաժնետոմսերի 100%-ի սեփականատեր։

Նշենք, որ մինչ այդ լիբանանյան բանկին պատկանում էր «Անելիք բանկի» բաժնետոմսերի 89,95%-ը, 10,05%-ը Սամվել Ճզմաչյանինն էր։ Իր բաժնեմասը վաճառելուց հետո Ճզմաչյանը փաստացի լքում է նաև «Անելիք բանկը»։