Մաքսային միությանը միանալու որոշումը նորություն չէ. Գալուստ Սահակյան

Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումը նորություն չէ. ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 3-ին Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանի` Մաքսային միություն մտնելու մասին արած հայտարարությանը:

«Մինչև այս պահը խոսվել է և ասվել, որ Մաքսային միությանը մասնակցությունը կլինի այն շրջանակում, որը շահավետ կլինի Հայաստանի համար»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Հարցին, թե արդյոք Մաքսային միությանը միանալը նշանակում է, որ Հայաստանը չի նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ դրանք բավականին տարբեր խնդիրներ են:

«Նախագահն այդ հարցին պատասխանել է, որ մենք ինչպես սկսել ենք, այնպես էլ շարունակելու ենք մեր համագործակցությունը եվրակառույցների հետ»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը:

Անդրադառնալով Եվրամիությունը նախագահող երկիր Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի սեպտեմբերի 3-ին արած հայտարարությանը, թե Հայաստանը կորցրեց իր հնարավորությունը` ԵՄ-ի հետ ստորագրելու Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը՝ ընտրելով միանալ Ռուսաստանի Մաքսային միությանը, Սահակյանը նշեց, որ տարբեր կարծիքներ կարող են լինեն:

«Խոսքը վերաբերում է համագործակցություններին: Եվրակառույցների շրջանակում պաշտոնական որևէ մեկը նման խնդիր չի կարող ասել, որովհետև մենք միշտ ասել ենք, որ մեր ռազմավարական գործընկերը Ռուսաստանն է»,- ասաց  ՀՀԿ փոխնախագահը՝ հավելելով, որ Հայաստանը շարունակելու է աշխատել Եվրամիության համապատասխան կառույցների հետ: